«Թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացումը Վրաստանում անմիջապես իր սուր ծայրով կուղղվի Հայաստանի դեմ»
Միջազգային
Վրաստանի խորհրդարանը դեռեւս հուլիսի 17-ին ընդունել էր «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կառավարության եւ Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները, որով ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները: Այս փոփոխությունները Վրաստանում միանշանակ չեն ընդունվել եւ դժգոհություններ են առաջացրել ընդդիմության, նաեւ` արեւմտյան դիտորդների շրջանում: Խնդիրն այն է, որ Վրաստանի խորհրդարանի որոշմանը նախորդել է տեղեկությունը «Caucasus Online» ինտերնետ-պրովայդերի մագիստրալային կապուղու բաժնետոմսերի 49%-ն ադրբեջանցի գործարարին վաճառելու վերաբերյալ: Այս մասին «Իրավունքը» պարզեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ տեսակետը:
– Ադրբեջանցիները Վրաստանում փորձում են ամեն ինչ գնել եւ հսկայական ֆինանսական ներդրումներ են անում` թուրքերի հետ միասին: Մենք գիտենք ադրբեջանական «Սոկարի» խնդիրը, որ էներգակիրների մանրամեծածախ ամբողջ իրացումը եւ բազմաթիվ այլ ոլորտներ գտնվում են նրանց ձեռքում: Սա տնտեսական էսպանսիայի ձեւ է, որը վերաճում է քաղաքական ազդեցության: Մենք էլ ենք դրա դեմ պայքարելու, որ թուրք-ադրբեջանական այս երկյակը չկարողանա Վրաստանում մեծ քաղաքական ազդեցություն ձեռք բերել, որովհետեւ այն մեր տեսակետից չի բխում Վրաստանի ինքնիշխանության շահերից, առավել եւս` չի բխում Հայաստանի շահերից: Թուրքական ազդեցության մեծացումը Վրաստանում անմիջապես իր սուր ծայրով կուղղվի Հայաստանի եւ նաեւ Վրաստանի ինքիշխանությա դեմ, ուստի` այն պետք է ամեն գնով բացառվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ