Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռանում է պաշտոնից
Արխիվ 16-20
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարական է տվել: Նա մանրամասնել է, որ հեռանում է պաշտոնից՝ առողջական խնդիրների բարդացման պատճառով: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել այսօր, Տոկիոյում հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Քաղաքական գործչի համար ամենակարեւորը լավ արդյունքներ գրանցելն է: Այդ արդյունքի համար ես ներդրել եմ իմ բոլոր ջանքերը 7 տարի եւ 8 ամիս շարունակ: Քաղաքական գործիչը չի կարող սխալներ թույլ տալ միայն այն պատճառով, որ առողջական վիճակը կաղում է: Ես հեռացնում եմ ինձանից վարչապետի պարտականությունները»,-ասել է նա:
Աբեն հիշեցրել է, որ ճիշտ նույնկերպ, 13 տարի առաջ եւս ինքը ստիպված է եղել հեռանալ պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով: Այս տարվա հունիսին պարզ է դարձել, որ Աբեի հիվանդությունը կրկին սրվել է:
Սինձո Աբեն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է եւ Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից: Այս ամիս նա դարձել է բացարձակ ռեկորդակիր՝ Ճապոնիայի ամբողջ պատմության ընթացքում դառնալով ամենաերկարակյաց վարչապետը: Լուսակցության նոր ղեկավարի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերին: Գործնականում, վարչապետի պաշտոնում է հայտնվում իշխող կուսակցության առաջնորդը՝ խորհրդարանում անցկացվող քվեարկությունից հետո: