Մասնագետները նշել են այն արտասովոր գործոնները, որոնք կարող են դառնալ գլխացավի պատճառ
Արխիվ 16-20
Գլխացավերը բավական հաճախ հանդիպող խնդիր են, որոնք կարող են խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։ Սովորաբար նման տհաճ խնդրի դեպքում մարդիկ անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, մինչդեռ շատ հաճախ խնդրի զարգացումից կարելի է խուսափել որոշ սովորություններից ազատվելու դեպքում։
Բժիշկներ Սերգեյ Ագապկինն ու Անդրեյ Ռեուտովը «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում նշել են այն արտասովոր պատճառները, որոնք կարող են հանգեցնել նման տհաճ խնդրի առաջացման։ Մասնագետների խոսքով՝ մարդիկ շատ հաճախ գաղափար անգամ չունեն, որ գլխացավը կարող է պայմանավորված լինել մի շարք տարածված գործոններով։ Օրինակ՝ ցավի պատճառ կարող է դառնալ նախաճաշին նրբերշիկ ուտելու սովորությունը։
Առհասարակ տարատեսակ երշիկեղենն ու վերամշակում անցած կարմիր մսից պատրաստված այլ մթերքը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։ Նման մթերի գրավիչ վարդագույն երանգի համար պատասխանատու են նիտրատները, որոնք մարդու օրգանիզմում վերածվում են նիտրիտների և հանգեցնում գլխուղեղի թթվածնաքաղցի։
«Նիտրիտները հեմոգլոբինի հետ փոխգործակցելիս խթանում են մեթհեմոգլոբինի զարգացումը, որն էլ թույլ չի տալիս, որ գլխուղեղն ինչպես հարկն է հագենա թթվածնով», - բացատրում է Անդրեյ Ռեուտովը։
Երշիկեղենից բացի գլխացավի պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլի, մասնավորապես՝ կարմիր գինու գործածությունը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող տանիններով։
Գլխացավի մյուս հավանական պատճառը քնի վատ որակն է՝ քնի պակասն ու կարճ տևողությունը։ Բացի այդ, ցավը կարող է պայմանավորված լինել մշտական սննդակարգի փոփոխություններով, ինչը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումների։