Երկրպագուները ներկա կգտնվեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությանը
Արխիվ 16-20
ՈւԵՖԱ-ի գործադիր խորհուրդն այսօրվա նիստում որոշում է ընդունվել սեպտեմբերի 24-ին կայանալիք սուպերգավաթային հանդիպմանը թույլ տալ սահմանափակ թվով երկրպագուների մուտքը։
Մարզադաշտը կլցվի միայն 30 տոկոսով։ Այս խաղը կծառայի որպես նախադեպ՝ ուսումնասիրելու, թե ինչ հետևանք կարող է ունենալ երկրպագուների մասնակցությունը խաղերին համաճարակի պայմաններում։
«Ֆուտբոլը կարող է շարունակվել բարդ ժամանակներում առանց երկրպագուների, բայց առանց նրանց խաղը կորցրել է իր հմայքը։ Մենք հույս ունենք օգտագործել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Բունդապեշտում որպես փորձարկում, որից հետո կտեսնենք երկրպագուների վերադարձը խաղերին։
Մենք սերտ աշխատում ենք Հունգարիայի ֆեդերացիայի ու կառավարության հետ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցառումները բոլոր ներկաների ու մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար։ Մենք ռիսկի չենք գնա մարդկանց առողջության հարցով»,- Ալեքսանդր Չեֆերինի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Սուպերգավաթի համար պայքարելու են ՉԼ 6-ակի չեմպիոն «Բավարիան» և ԵԼ 6-ակի չեմպիոն «Սևիլիան»։