ԵՊՀ-ում ճգնաժամը խորանում է. Արմեն Ավետիսյան
Արխիվ 16-20
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գեւորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ընդգծում է, որ ԵՊՀ-ում ճգնաժամը խորանում է:
«Գեւորգ Մուրադյանին եւս մեկ անգամ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելով՝ ոչ միայն չլուծվեց շուրջ մեկ տարի շարունակվող համալսարանական ճգնաժամը, այլեւ խորացավ այն: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ նոր ձեւավորված հոգաբարձուների խորհրդի ոչ համալսարանական հատվածին չի հետաքրքրում ԵՊՀ համընդհանուր շահը, նրանք լծված է սպասարկելու կրթության, գիտության եւ այլնի նախարար Արայիկ Հարությունյանի նեղ անձնական ու քաղաքական շահերը: Իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի «նախագահ վերընտրված» Գեւորգը հանդիսանում է Արայիկի դրածոն, մեղմ ասած, նա չի վայելում համալսարանականների վստահությունն ու հարգանքը, որովհետեւ համալսարանական 16 անդամներից ընդամենը երկուսը մասնակցեցին քվեարկությանը, իսկ մնացած 14 համալսարանականները բոյկոտեցին եւ չմասնակցեցին հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությանը՝ այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով կրթության, գիտության եւ այլնի նախարարի կողմից ԵՊՀ-ին պարտադրված թեկնածուի դեմ», - շեշտում է Ա. Ավետիսյանը: