Կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Արխիվ 16-20
«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:
Վբեյմար Անգուլոն ՀՖՖ պաշտոնական կայքին տված առաջին հարցազրույցում ասել է.
«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:
Եթե ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն:
Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասին: Մենք շատ բան ունենք սովորելու նրանից: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»:
Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել կոլումբական «Բոյակա Պատրիոտաս»,
«Բոգոտա ՖԱ», «Ատլետիկո Հուիլյա»,
«Ալիանցա Պետրոլերա» և մեքսիկական
«Մուրսիելագոս» ակումբներում։
Ֆուտբոլիստի ներկայիս ակումբն, ինչպես նշեցինք «Գանձասար-Կապանն» է։