ՄԻՊ-ը փորձում է պարզել ՔԿՀ-ներում դատապարտյալներին «պատերին ծեփելու» մասին լուրերը
Արխիվ 16-20
Երեկ՝ ժամը 18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ ՔԿՀ-ի ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում:
Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ: Նրանցից բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ: Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ:
Այցն ավարտվել է ժամը 21:30-ի սահմաններում: Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում:
Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ: Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն:
Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ։ Ըստ նույն լուրերի, ՔԿՀ-ների եւ Արդարադատության նախարարության նպատակն է՝ ցույց տալ, թե՝ պայքարում են քրեական ենթամշակույթ կրողների դեմ: Դրա համար, ըստ խոսակցությունների, հատուկջոկատայինները դիմակավերված մտնում են խցեր եւ դաժան ծեծի ենթարկում դատապարտյալներին: մի քանի օրում նման միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: