«Իմ քայլի» օրակարգում Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարց չկա
Արխիվ 16-20
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած իմքայլականների նիստն ավարտվեց, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Ինչպես նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ, ի թիվս մի շարք այլ հարցերի, նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել կրթության բարեփոխումների օրակարգին:
Թե արդյոք հաշվի առնելով այն, որ այս օրերին տարբեր նախաձեռնություններ պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, անդրադարձ կատարվել է այդ հարցին, Լ. Մակունցը ընդգծեց. «Ոչ իհարկե, չենք քննարկել նման հարց»:
Ճշտող հարցին, թե գո՞հ է «Իմ քայլը» խմբակցությունն Արայիկ Հարությունյանի աշխատանքից, խմբակցության ղեկավարը մանրամասնեց. «Մենք չենք քննարկել անձերի, այլ քննարկել ենք ընդնհաուր մոտեցումներ եւ այդ թվում, թե որպես պետական այրեր, ինչպես ենք պատկերացնում ու պլանավորում այս կամ այն ուղղությունով ՀՀ-ում տվյալ ոլորտների զարգացումը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ