Խիստ նկատողություն է հայտարարվել Տ. Տիրատուր քահանա Հակոբյանին
Արխիվ 16-20
Գեղարքունյաց թեմի առաջնորդարանում օգոստոսի 22-ին` նախագահությամբ Առաջնորդական տեղապահ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։
Այն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց Սուրբ Գրքի ընթերցում։ Ապա հոգեշնորհ հայր սուրբը ողջունեց քահանա հայրերին և ներկայացրեց ժողովի օրակարգը, որում ընդգրկված էին թեմի տնտեսական կացության, քահանաների սոցիալական վիճակի, մշտական հսկողություն չունեցող սրբավայրերի պահպանման և ծիսական այլ հարցեր:
Հայր սուրբը ներկայացրեց թեմի ներկայիս տնտեսական կացությունը` անդրադառնալով վերջին ամիսներին համաճարակի հետևանքների բացասական ազդեցությանը և դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլերին: Նշվեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Ֆրանսիայի հայոց թեմի ազնիվ հայորդիների, Գեղարքունյաց թեմի անհատ բարերարների և համայնքապետերի կողմից ցուցաբերված ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 9,4 մլն. դրամ:
Անդրադառնալով թեմին կատարած նվիրատվություններին` հայր սուրբն իր գնահատանքն ու գոհունակությունը հայտնեց բոլոր նվիրատուներին: Վերջին նվիրատվությամբ ֆրանսահայ ազնիվ հայորդիների կողմից գումար է տրամադրվել ` ի նպաստ Գեղարքունյաց թեմի քահանաների:
Քահանայից դասի սոցիալական կացության առնչությամբ հայր սուրբը կարևորեց վերջիններիս ամենամսյա աշխատավարձի ապահովումը և բժշկական ապահովագրության անհրաժեշտությունը` նշելով որ այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
Հաջորդիվ քննության առնվեց թեմի այն սրբավայրերի և եկեղեցիների պահպանության հարցը, որոնք մշտական հսկողություն չունեն և վերջին շրջանին պարբերաբար ենթարկվում են ոտնձգությունների հակաեկեղեցական խմբերի կողմից: Քահանա հայրերը կարևորելով խնդիրը` անհրաժեշտ նկատեցին խստացնել հսկողությունը այդ սրբավայրերի հանդեպ` սույն հարցով ակնկալելով իրավապահ մարմինների աջակցությունը:
Ժողովի ավարտին առաջնորդական տեղապահ հայր սուրբը անդրադարձավ նաև կարգապահական հարցերին` կարևորելով հավատացելոց շրջանում հոգևորականի կեցվածքը, վարքը և պահվածքը: Խիստ նկատողություն հայտարարվեց Գեղարքունյաց թեմի Վանևանի հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տ. Տիրատուր քահանա Հակոբյանին:
Ժողովը փակվեց Տերունական աղոթքով: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի պաշտոնական էջից: