«ՌԴ-ն պատրաստ է սեղմ ժամկետում Թուրքիային լրացուցիչ С-400-ի խմբաքանակ մատակարարել». ՌԴ արդյունաբերության նախարար
Արխիվ 16-20
Ռուսաստանը կարող է С-400 ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ արտադրել և մատակարարել Թուրքիային, եթե համապատասխան պայմանագիր ստորագրվի: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:
«Արդյունաբերությունը պատրաստ է պայմանագրով սահմանված ժամկետներում Թուրքիային С-400 ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակի պատրաստում և մատակարարում կատարել»,- ասել է Մանտուրովը՝ պատասխանելով մոտ ժամանակներս նման պայմանագիր կնքելու դեպքում Թուրքիային C-400-ի մատակարարման հնարավորության մասին հարցին:
«Մատակարարումների կոնկրետ ժամկետների հետ կապված հարցերը կլուծվեն բանակցությունների ընթացքում»,- հավելել է նախարարը:
Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը հույս ունի առաջիկայում պայմանավորվել Թուրքիային C-400 ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու շուրջ:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: