«Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը». «Կամք»-ը հրավիրում է բողոքի ցույցի
Արխիվ 16-20
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը օգոստոսի 28-ին` առաջիկա ուրբաթ օրը, ժամը՝ 13:00-ին, բոլորին հրավիրում է ԿԳՄՍ նախարարարության դիմաց` մասնակցելու բողոքի ցույցին՝ «Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայումս վարվող հայատյաց քաղաքականությունը` մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել եւ այլն:
Սկսված պայքարը կշարունակվի մինչեւ մեր բոլոր պահանջների լիարժեք բավարարումը»: