Լավրովը պատմել է Տիխոնովսկայայի վրա ճնշման մասին
Արխիվ 16-20
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխոնովսկայայի վրա կարող էին ճնշում գործադրել: Այս մասին նա հայտարարել է «Իմաստների տարածք» ֆորումում, միջոցառման հեռարձակումը տեղի է ունեցել դրա YouTube-ալիքում։
Լավրովը նշել է, որ Տիխոնովսկայան մեկնել է Լիտվա, «հայտարարելով, որ ցանկանում է զբաղվել ընտանեկան գործերով, հոգ է տանելու երեխաների մասին», սակայն ավելի ուշ շարունակում է կոչ անել մարդկանց հանրահավաքների։
«Բայց, հավանաբար, նրան թույլ չեն տվել բավարարվել այդքանով, եւ նա սկսել է քաղաքական հայտարարություններ անել, ընդ որում՝ բավական կոշտ՝ պահանջելով շարունակել գործադուլները, բողոքի ակցիաները», — ասել է դիվանագետը:
Նա նաեւ նշել է, որ Տիխոնովսկայան շատ հայտարարություններ է անում անգլերեն լեզվով: Լավրովի կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ այդ հաղորդագրությունների գլխավոր հասցեատերերը գտնվում են Բելառուսի սահմաններից դուրս:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Բելառուսից հեռացած ընդդիմադիրները խաղաղ ցույցեր չեն ցանկանում, այլ արյան ծարավ ունեն: ԱԳՆ ղեկավարը կասկածել է, որ նրանք, ապրելով Արեւմուտքում եւ այնտեղից փորձելով ազդել իրենց երկրի իրադարձությունների վրա, ցանկանում են հրահրել Բելառուս ուժայինների արձագանքը, «որոնք այժմ ոչ ոքի ձեռք չեն տալիս եւ չեն միջամտում խաղաղ ցույցերի անցկացմանը»:
Ցուցարարները փողոց են դուրս գալիս արդեն երկու շաբաթ, նրանք պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անել եւ նոր ընտրություններ անցկացնել, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել ուժայիններին՝ առաջին օրերին հանրահավաքները դաժանորեն ցրելու համար: