«Դոնալդը դաժան, սկզբունքներից զուրկ մարդ է»․ Թրամփի ավագ քույրը վերջինիս «անսկզբունքային և ստախոս» է անվանել (լուսանկարներ)
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ քույրը՝ Մերիեն Թրամփ Բերրին, իր եղբորը դաժան, անսկզբունքային և ստախոս մարդ է անվանել, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով նախագահի քրոջ և եղբոր դստեր՝ Մերի Թրամփի միջև խոսակցությունների ձայնագրությունները։
Նախագահի ավագ քույրը՝ Մերիենն Թրամփ Բերրին, որը իրավագիտության դոկտորի աստիճան ունի և զբաղեցրել է դաշնային դատավորի պաշտոնը, Մերի Թրամփի հետ զրույցում ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը «սկզբունքներից զուրկ մարդ է»։
«Նրա գրողի տարած թվիթերյան գրառումներն ու ստերը, Աստվա՛ծ իմ»,- 2018-ին ասել է Մերիեն Թրամփ Բերրին՝ քննադատերով եղբոր՝ Մեքսիկայի հետ սահմանին երեխաներին իրենց ծնողներից բաժանելու իշխանությունների վարած քաղաքականությունը։
Մերիենը նաև դժգոհել է, որ «Թրամփն ընդհանրապես ոչինչ չի կարդում»՝ խոսելով տարբեր գերատեսչությունների զեկույցների մասին, որոնք նախագահի սեղանին են հայտնվում։
Բացի այդ, ինչպես գրում է թերթը, Թրամփի ավագ քույրը վերջինիս դաժան մարդ է անվանել։
«Դոնալդը դաժան մարդ է»- ասել է նա:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» վերնագրով գիրք է հեղինակել, որում երկրի ղեկավարի վերաբերյալ տհաճ բացահայտումներ ու պնդումներ են ներկայացված։
Simon & Schuster հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։
Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։
Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։