Գերագույն դատարանին ստեղծումը քաղաքական ենթարկվածության խնդիր է լուծում. Գեւորգ Գյոզալյան
Արխիվ 16-20
Դժգոհությունը գալիս է կոնկրետ ՍԴ դատավորներից ու մենք այդ անձերով պայմանավորված ուղղակի կտրում ենք համակարգի գլուխը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան Գեւորգ Գյոզալյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի այն կետին, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ եւ այն կկոչվի Գերագույն դատարան:
«Մենք քարուքանդ արեցինք Երեւանի դատարանները, մինչ այդ մենք քարուքանդ արեցինք Հյուսիսային եւ Հարավային դատարանները: Այսինքն Հայաստանի նորանկախ պատմությանը եթե նայենք, մենք միշտ քանդել ենք, ու միշտ վատ բան է եղել, դրանից լավ բան չի ստացվել եւ եթե դրան էլ գումարենք քաղաքական մոտիվները, որովհետեւ ակնհայտ է ՍԴ-ի հետ կապված, դժգոհությունը գալիս է կոնկրետ ՍԴ դատավորներից ու մենք այդ անձերով պայմանավորված ուղղակի կտրում ենք համակարգի գլուխը, ես թերահավատորեն եմ այս ամենին վերաբերում եւ հանդես եմ գալսի պահպանողական դիրքերից, ես ասում եմ` չէ ժողովուրդ, եկեք հլը սպասեք, հասկացանք` դատավորները լավը չեն եղել, բայց արդյոք իմաստ ունի՞ այդ դատավորների պատճառով մենք քանդենք մի ինստիտուտ»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով` ՍԴ-ն նաեւ ունի բավականին շատ դրական կողմեր, բազմաթիվ օրենքներ են ճանաչվել հակասահմանադրական եւ դրանք արել է այդ նույն ՍԴ-ն, նույն դատավորներով. «Ինքը միանշանակ լավ բան ունի, ու մենք միշտ ինչ-որ բան ենք քանդում, նորն ենք ստեղծում, որը ավելի վատն է ստացվում: Ես միանշանակ դեմ եմ, ես չեմ կարծում, որ անձերով պայմանավորված մենք պետք է մի ամբողջ համակարգ` Գերագույն դատարան ստեղծենք»:
Փաստաբանի խոսքով` Գերագույն դատարանին ստեղծումը քաղաքական ենթարկվածության խնդիր է լուծում. «Ես այստեղ ավելի շատ քաղաքականություն եմ տեսնում, քան իրավունք: Ես չեմ գտնում, որ օրինակ Գերագույն դատարանը ավելի շատ է իր տեղում լինելու, պաշտպանելու մարդկանց իրավունքները, քան օրինակ ՍԴ-ն: Անշուշտ, համաձայն եմ, որ ՍԴ դատավորներից ոչ բոլորը, բայց գերակշիռ մասը չեն եղել իրենց տեղում, բայց դա հիմք չէ, որ քանդենք Սահմանադրական դատարանը: Ժամանակը կբերի նրան, որ այնտեղ կհայտնվեն արժանավորները, բայց դա մենք թույլ չտալով ու ստեղծելով նորը անվերջ շրջապտույտի մեջ ենք հայտնվելու: Համոզված եմ, որ գալու են ուրիշ քաղաքական գործիչներ եւ ասելու են, որ չէ, սա մեզ պետք չէր, ՍԴ-ն է մեզ պետք»:
Փաստաբանը նշեց, որ ճիշտ կլինի հարցը դնել հանրային քննարկման մասնագետների շրջանում, սակայն իշխանությունն էլ ունի քաղաքական շահ եւ շատ դժվար է հավատալ, որ առաջ չի տանի այդ շահը: