Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը կարող է շաբաթներ, ամիսներ տևել․ Թրամփը դեմ է արտահայտվել փոստային եղանակով քվեարկությանը
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը կարող է շաբաթներ տևել, այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։
Աղբյուրը մանրամասնում է, որ Դոնալդ Թրամփը Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ նշել է, որ դեմ է կորոնավիրուսի համավարակի հետևանքով փոստային եղանակով անցկացվելիք ընտրություններին։
«Իմ կարծիքով՝ այդ ընտրությունների արդյունքները հնարավոր է, որ շաբաթների, ամիսների, տարիների ընթացքում պարզ լինեն, կամ էլ ընդհանրապես չիմացվեն։ Հնարավոր է նաև, որ երբեք էլ հայտնի չլինեն, քանի որ առաջին շաբաթից հետո, դժվար թե որևէ բան պարզվի»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարող է նախագահի պաշտոնը զբաղեցնել, եթե ընտրությունների արդյունքների հետ կապված բարդություններ առաջանան։
«Վարկած կա, որ եթե արդյունքները մինչև տարվա վերջ չհայտարարվեն, խելագար Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ կդառնա։ Գիտե՞ք այդ մասին։ Մտածե՛ք դրա շուրջ»,- զգուշացրել է Թրամփը։