Իսպանիայում Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկում է․ գրանցվել է առաջին մահը
Արխիվ 16-20
Իսպանիայի Սեւիլիա նահանգում՝ Անդալուսիայի ինքնավար համայնքում, 77-ամյա տղամարդը մահացել է Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակվելուց հետո: Այս մասին հայտնում են իսպանական լրատվական գործակալությունները։
Նշվում է, որ Լա Պուեբլա դել Ռիո քաղաքի բնակիչը մի քանի օր գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա դարձել է նահանգում արձանագրված հիվանդության առաջին զոհը։ Ընդհանուր առմամբ Անդալուսիայում Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակվել է 35 մարդ, որոնց մեծ մասին հոսպիտալացում է անհրաժեշտ եղել:
Տեղեկանք
Արեւմտյան Նեղոսի տենդը սուր վարակիչ (վիրուսային) հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների միջոցով եւ արտահայտվում է պոլիադենիտով, մաշկի վրա ցանով եւ ուղեղի մեմբրանների բորբոքմամբ, երբեմն՝ մենինգոենցեֆալիտով: Վիրուսի փոխանցողները մոծակներն են, տիզերը, իսկ վարակի աղբյուր կարող են հանդիսանալ ջրամբարը թռչուններն ու կրծողները: Արեւմտյան Նեղոսի տենդը հստակ սեզոնայնություն ունի՝ հունիսից մինչեւ հոկտեմբեր, երբ մոծակների զարգացման պայմաններն առավել բարենպաստ են: Ավելի հաճախ հիվանդանում են երիտասարդ տարիքի մարդիկ։
Հատուկ պատվաստանյութ Արեւմտյան Նեղոսի տենդի դեմ չի մշակվել։