Փախուստի մեջ գտնվող Բոլիվիայի նախկին նախագահին մեղադրել են բռնաբարության եւ մարդկանց առեւտրի մեջ
Արխիվ 16-20
Բոլիվիայի արդարադատության նախարարությունը նախկին նախագահ Էվո Մորալեսին մեղադրել է բռնաբարության եւ մարդկանց առեւտրի մեջ: Այս մասին հայտնում է BBC News-ը։
Նշվում է, որ գործը հիմնված է ԶԼՄ-ներում հրապարակված նախկին նախագահի՝ 19-ամյա աղջկա հետ, լուսանկարների վրա։ Ենթադրաբար, նրանք սկսել են հանդիպել, երբ նա 14 տարեկան էր։
Արդարադատության նախարարությունում հայտարարել են, որ իրենք նաեւ բացահայտում են աղջկա ծնողների դերը, որոնք նրան թույլ են տվել ճամփորդել Բոլիվիայի առաջնորդի հետ: Մորալեսին սպառնացող պատիժը՝ Բոլիվիայում բռնաբարության համար հասնում է 6 տարվա ազատազրկման, իսկ մարդկանց առեւտրի համար՝ 15:
Ավելի վաղ Բոլիվիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մորալեսին ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման մեջ: Մեղադրող կողմը կարծում է, որ Մորալեսը համակարգել է քաղաքների պարենային շրջափակումը 2019 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ:
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսն ասել է, որ չի ընդունի օրենք, որը նախկին նախագահ Էվո Մորալեսին պաշտպանում է քրեական դատավարությունից: Անյեսը հայտարարել է, որ իշխանությունները չեն կարող պաշտպանել նրանց, ովքեր «հետապնդել եւ խաբել են բոլիվիացիներին», ինչպես նաեւ ծաղրել են նրանց:
Էվո Մորալեսը հրաժարական է տվել 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, ինչից հետո թաքնվել է սկզբում Մեքսիկայում, իսկ հետո՝ Արգենտինայում: Միաժամանակ նա տեղի ունեցածը պետական հեղաշրջում է անվանել և հայտարարել, որ պատրաստ է վերադառնալ երկիր։