«Հրապարակ». ՍԴ-ում թեւերի են բաժանվել. ճգնաժամը խորանում է
Արխիվ 16-20
Սահմանադրական դատարանում իշխանության ջանքերով իսկապես «ճգնաժամ» է ստեղծվել։ Այս պահին դատարանի կազմում 6 դատավոր կա, եւ դա բավարար է նիստեր հրավիրելու համար, սակայն դատավորների միջեւ այնպիսի անհամաձայնություններ են առաջացել, որ անգամ աշխատակարգային նիստեր չեն անցկացվում։
Դատարանի կազմը 3 թեւի է բաժանվել, եւ նրանք նորմալ չեն հարաբերվում միմյանց հետ։ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանը նիստերին չեն մասնակցում, չնայած հետ են կանչվել արձակուրդից։ Փաստացի աշխատանքի հաճախող 4 դատավորներն էլ հաշտ չեն․ ՍԴ-ում իր իշխանությունը հաստատել ցանկացող Վահե Գրիգորյանն իր կողմն է թեքել Արման Դիլանյանին․ սա իշխանամետներն են։
Երրորդ թեւում հնաբնակներն են՝ ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանն ու Հրանտ Նազարյանը, որոնց հարաբերությունները Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգի հետ լարված են։ Այս մթնոլորտում անհնար է դարձել ՍԴ ողջ կազմով հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, իսկ դատարանում տասնյակ դիմումներ են կուտակվել։
Եթե Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը շարունակեն չմասնակցել նիստերին, ապա դիմումներն ընթացք կստանան միայն աշնանը, երբ ՍԴ թափուր տեղերը կհամալրվեն։