Գիտնականները զգուշացնում են, որ անլար ականջակալները կարող են քաղցկեղ առաջացնել
Արխիվ 16-20
Անլար՝ Bluetooth-ով աշխատող ականջակալները վնասակար են առողջության համար, քանի որ մարդու ուղեղից շատ փոքր հեռավորության վրա ճառագայթվող էլեկտրամագնիսական ալիքները մեծ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար: Նման կարծիք «Прайм» գործակալության հետ զրույցում ասել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը:
«Եթե համարենք, որ ռադիոալիքներում կան այդ ականջակալների աշխատանքի հիմքում ընկած էլեկտրամագնիսական ճառագայթները, ապա վնաս, հաստատապես, կա: Մարդու նյարդային համակարգի ակտիվությունը նույնպես էլեկտրամագնիսական դրևորումներ ունի, և բնության մագնիսական տատանումներից տառապող անձանց թիվը գնալով աճում է միայն»,- մեկնաբանել է Տիմոֆեևը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մոտ 40 երկրում արդեն գիտնականները պնդում են, որ անլար ականջակալները կարող են գլխուղեղի քաղցկեղ առաջացնել:
Խնդիրը նրանում է, որ Bluetooth-ը էլեկտրամագնիսական վտանգավոր դաշտի աղբյուր է, որն իր բնութագրերով նման է միկրոալիքային ճառագայթմանը: Այդ իսկ պատճառով ականջակալների ճառագայթում գլխին շատ մոտ տարածության վրա կարող է վնասակար լինել: