Սևանում 100 հատ ձկնից 5-ն է 500 գրամանոց, որ 1 ձկան արժեքը 20 000 դրամ դնենք, ո՞վ կգնի․ ձկնորս
Արխիվ 16-20
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ ունեցած երկխոսությունից հետո Սեւան-Երեւան մայրուղին երկկողմանի փակած ձկնորդները որոշ ժամանակ անց բացեցին այն։ Մայրուղին փակելու պատճառը ձկնորսությամբ զբաղվելու արգելքն էր։
«Սիգը շատ-շատ է, էդ ով որ քնից զարթնում, ասում է՝ Սևանի ավազանում մնացել է 1․5 տոննա սիգ, ուղղակի իր մտքով էդ թիվն է անցել։ Առավոտից երեկո մենք էդ ջրում ենք, գիտենք, որ շատ ձուկ կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ձկնորսներից մեկը։
Հունիսի 18-ի Կառավարության որոշմամբ թույլատրվել է Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս անել, բայց միայն այն դեպքում, երբ ձուկը 500 գրամից ոչ պակաս է կշռում։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։
«Սևանում 500 գրամանոց ձուկ 100 հատից 5-ն է։ Հիմա բռնենք 5 հատ ձուկ, 1 ձկան արժեքը 20 000 դրամ դնենք, ո՞վ կգնի»,- նկատեց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե նաև մանր ձուկ է որսվում, մինչդեռ երբ այն մեծանա, ավելի շատ օգուտ կտա, ձկնորսն ասում է, թե «իրենք մանր ձուկ չեն բռնում, դա ինքըստինքյան ընկնում է ցանցի մեջ»։
«Դե որ տենց է, թող մեծն էլ չբռնենք, միլիարդավոր գումարի իկրա է թողնում։ Թող գրանատ բերեն գցեն էս ամբողջ Գեղարքունիք մարզը վերացնենք, քաշվենք մի կողմ»,-վրդովված ասաց նա։
Բնակիչը հայտնեց նաև, որ որոշում են կայացրել մայրուղին բացել, որովհետև առաջիկա երեքշաբթի օրը պետք է քննարկում լինի և իրենց հուզող հարցերի պատասխանը ստանան։