ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ
Արխիվ 16-20
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ակադեմիայում ընդունեց կիպրական «Օմոնիային» եւ լրացուցիչ ժամանակում պարտվեց նվազագույն` 0-1 հաշվով: Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից եւ ելույթները շարունակելու է Եվրոպայի լիգայի 2-րդ փուլում:
Հայաստանի կրկնակի չեմպիոնի գլխավոր մարզիչ Դավիթ Կամպանյան հետխաղային ասուլիսի ժամանակ նշել է, որ «Արարատ-Արմենիային» բաժին էր ընկել բավականին ուժեղ մրցակից. «Հանդիպումը հասարակ էր մրցակիցների համար: Մենք խաղում էինք շատ հասուն թիմի դեմ, որը եզրերում ուներ ուժեղ ֆուտբոլիստներ: Չկարողացանք օգտագործել մեր պահերը: Երկրորդ կեսում եւս փորձում էինք վերահսկել խաղը, սակայն նրանք ավելի շատ էին գրոհում»,- ասել է իսպանացի մասնագետը:
Խոսելով Եվրոպա լիգայում ելույթները շարունակելու մասին` Կամպանյան ասել է, որ թիմն ամեն ինչ անելու լավ պատրաստվելու եւ ԵԼ որակավորման 2-րդ փուլը հաղթահարելու համար: «Թիմը շարունակելու է մարզվել հետագա ելույթները հաղթանակով ավարտելու համար: Այժմ ունենք ֆուտբոլիստներ, որոնք վնասվածք ունեն, հուսանք նրանք էլ կապաքինվեն, եւ կկարողանանք ամբողջական կազմով ներկայանալ հանդիպումներին»,- եզրափակել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը:
Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում իրենց հանդիպումներն են շուտով մեկնարկելու նաեւ գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Նոան», բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» եւ 4-րդ տեղը զբաղեցրած «Շիրակը»:
ԼԻԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ