«ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈ՞ՒՆԸ
Արխիվ 16-20
«Իրավունքը» տեւական ժամանակ է, ինչ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանից փորձում է տեղեկատվություն ստանալ մասնավորապես հետեւյալ հարցերի շուրջ.
1. Ի՞նչ կոնկրետ ծրագրեր են իրականացվում «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում:
2. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 850 հազար դրամ: Ի՞նչ կոնկրետ աշխատանք է իրականացրել պարոն Մարտիրոսյանը եւ որքա՞ն ժամանակահատվածի համար է նման գումար ստացել:
Տեւական ժամանակ նախ մեր զանգերին չէին պատասխանում, ապա հեռախոսազանգին պատասխանած աշխատակցուհին մեզ տեղեկացրեց, որ տիկին Հովհաննիսյանին հարցերը գրավոր պետք է ուղղենք: Այդպես էլ արեցինք, եւ երեկ, երբ փորձեցինք հետաքրքրվել մեր հարցման ճակատագրով, ստացանք հետեւյալ պատասխանը. «Երեւի նպատակահարմար չի գտնել ծրագրի ղեկավարը պատասխանել, ամեն դեպքում` կպարզենք»:
Իսկ մինչ կպարզեն, նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ տվյալ բավականին անհայտ կազմակերպությունը, որը, մեղմ ասած, չգովազդվող ծրագրերի մասնակիցներին միլիոններով աշխատավարձեր է տալիս, մեկն է գրանտներով գործող կառույցներից,որոնք ունեն կոնկրետ խնդիր: Բայց մինչ ավելի մանրամասն մեր աղբյուրների տեղեկություններին կանդրադառնանք, նախ մի փոքր էլ սպասենք ծրագրի պատասխանատուների պարզաբանումներին, եթե իհարկե «նպատակահարմար գտնեն»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ