ՍՈՎՈՐԵՔ ԱՆԳԼԵՐԵՆ, ԹԵ ՉԷ ՄՈՇ ՉԵՔ ԿԱՐՈՂ ՄՇԱԿԵԼ
Արխիվ 16-20
Հիշում եք երեւի մի քանի անգամ նկարագրել եմ, թե երկբեւեռ պսիխոզով հիվանդները որքանով են վտանգավոր շրջապատի համար: Բիպոլյար աֆեկտիվ խանգարումներով տառապող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության եւ պետության համար: Մարդ, ով տառապում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով` մեկ քարոզում է եկեղեցին եւ մեծ շքախմբով հաճախում եկեղեցի, մեկ էլ անդրադառնում է աղանդներին` ասելով, որ պետք է միանան բոլոր աղանդները: Մեկ քարոզում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը անկախ է եւ մեկ էլ հրահանգ է իջեցնում իր ֆանատներին` փակել դատարանների մուտքերն ու ելքերը: Ինչպե՞ս բնութագրել այս ամենը: Բազմիցս անդրադարձել եմ նմանատիպ սցենարների եւ կարծում եմ` այն պետք է նորից ու նորից կրկնել: Լինելով բժիշկ` բազմաթիվ անգամ շփում եմ ունեցել նման հիվանդների հետ: Որոշ մարդկանց մոտ գնալով է՛լ ավելի է սրանում առողջական վիճակը (մանիակալ համախտանիշ): Ուզում եմ դարձյալ նկարագրել նման դեպքի առանձնահատկությունները: Այն կարող է արտահայտվել խանգարման տարբեր դրսեւորումներով, սկսած լավազգացողությունից (էյֆորիա) մինչեւ ընկճվածություն (դիսֆորիա) եւ դյուրագրգռություն: Մանիակալ փուլի հիմմնական ախտանիշն է հոգեշարժական ակտիվությունը: Հիվանդն արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր (օրինակ` հռչակվել որպես Պապ թագավոր, Հիսուս Քրիստոս), խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին: Այսպիսի հիվանդներին բնորոշում է տրամադրության բարձրացումը, արտասովոր թարմությունը, առույգությունը եւ ուժեղ լինելու զգացողությունը: Հիվանդները դյուրագրգիռ են, տառապում են անքնությամբ, նպատակաուղղված գործողություններ են կատարում: Հիվանդն իր ողջ շրջապատը ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը եւ ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են, հիվանդը խոսում է անընդհատ, ունենում է մտքերի թռիչք, ձայնը խռպոտում է (շատ խոսելուց): Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի եւ սեռական) ուժեղացած են: Այսպիսի հիվանդների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը հաճախ փոփոխվում է` ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ: Այսպիսի պահվածքը վատթարացնում է մարդու գործունեությունը թե՛ հասարակական, թե՛ քաղաքական ոլորտներում: Այն կարող է հասնել նույնիսկ քաոսային արգելակման: Եվ այստեղ զուգահեռներ տանելով այսօրվա տիրող իրավիճակին` կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ն մտել է իրական քաոսային փակուղի:
...Սովորեք անգլերեն, թե չէ մոշ չեք կարող մշակել:
ՆՈՒՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ