«Տղերք, ձեր արածը չի տարբերվում ռամիլ սաֆարովի արարքից». Կեսգիշերին Ամուլսարում իրավիճակը լարվել է
Արխիվ 16-20
Ճամփեզրին կայանված «ԿԱՄԱԶ»-ն այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
«Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։ Հազիվ տագնապի մեջ թաքնվել էին ոստիկանական պատի հետևում։ Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն։
Ու մի բան էլ, պահնորդների մեջ գտնվող էն մարդկանց, ովքեր կկարդան այս գրառումը:
Տղերք, ձեր արածը չի տարբերվում ռամիլ սաֆարովի արարքից։ Հայ մարդուն չի սազում թուրքավարի պահվածքը։ Դեռ ուշ չի սխալները ուղղելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա էր տեղի ունենում Երևանում։ Ակցիայի մասնակիցներն ավտոերթով Ջերմուկից եկել էին Երևան։
Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Շիրակ Բունիաթյանը հայտնեց, որ պահնորդները քաղաքացիների մեքենաները հրելով հանել են Ամուլսարի տարածքից և այնտեղ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա են տեղակայել։
Դրնից հետո հայտարարություն տարածեց Հայկական բնապահպանական ճակատը, որում մասնավորապես ասվում էր.
«Իրավիճակն Ամուլսարում գերլարված է։ Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։
Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։ Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»: