Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը դադարել է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին` բուժման համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայության պատճառով
Արխիվ 16-20
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ այսօրվանից սկսած հիվանդանոցը դադարում է ստացիոնար բուժման ընդունել կորոնավիրուսով վարակվածներին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ որպես պատճառաբանում բժիշկը նշել է աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը:
Տնօրենի խոսքով՝ հիվանդանոցը բազմիցս զգուշացրել է այդ մասին առողջապահության նախարարությանը: Միևնույն ժամանակ Ցերցվաձեն հայտնել է, որ հիվանդանոցում շարունակվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին ամբուլատոր ծառայությունների մատուցումը:
«Այսօր ստիպված ենք եղել դադարեցնել «Քովիդ-19»-ով վարակված անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ստացիոնար բուժումը՝ տարրական, անհրաժեշտ և կենսական նշանակության պայմանների բացակայության պատճառով»,- ասել է Ցերցվաձեն:
Հիվանդանոցի աշխատակիցները բազմիցս բողոքել են, որ համապատասխան ենթակառուցվածքներ չունեն հիվանդների բուժման համար, և իրենք չեն կարող վերանորոգել շենքը:
Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ձգձգումներ չեն եղել՝ կապված վերանորոգման աշխատանքների հետ: Տիկարաձեն հիշեցրել է, որ հուլիսի կառավարությունը որոշում է կայացրել 40 մլն լարի տրամադրել Թբիլիսիի նոր ինֆեկցիոն հիվանդանոցի կառուցման համար: