Մեծ Բրիտանիայում դոլարի փլուզում են կանխատեսում
Արխիվ 16-20
Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը հոդված է հրապարակել, որում համաշխարհային արժութային շուկաներում տիրող իրավիճակի վերլուծությունը հանգեցրել է այն եզրակացությանը, որ դոլարի գերակայությունն ապահովված է այնքանով, որքանով գոյություն ունի Ամերիկայի գլոբալ առաջատարությունը: Այդ եզրակացության հիման վրա էլ բացատրել է, թե ինչու տեղի ունեցավ ամերիկյան արժույթի հուլիսյան անկումը 4 տոկոսով, որն ամենախոշորն վերջին տասնամյակում. միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքերն անփոփոխ թուլանում են։
Փորձագետները հիշեցնում են, որ պահուստային արժույթի կարգավիճակը կապված է ոչ միայն տնտեսության հիմնարար սկզբունքների վրա։ Կարեւոր է, որ տվյալ երկրի արժույթը լինի առաջատար եւ միջազգային առեւտրի, խաղացողների համար ընդունելի, նրանք ձգտեն պայմանագրեր կնքել առաջին հերթին տվյալ արժույթով։ «Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ այդ կարգավիճակը Միացյալ Նահանգներից փորձում է խլել Չինաստանը, որը ոտնձգություն է կատարում համաշխարհային արտահանման առաջատարության դեմ»,- նշում է պարբերականը։ Բացի այդ, ֆինանսական խաղացողներին շփոթեցնում է ԱՄՆ-ի արագ աճող պետական պարտքը, ինչպես նաեւ երկրի ներսում անկայուն իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի համաճարակի եւ բողոքի ակցիաների հետ:
Դոլարի պահուստային արժույթի կարգավիճակն արդեն այնքան անառիկ չի թվում, եւ պարբերականը դոլարի ներկայիս վիճակը համեմատում է բրիտանական ֆունտ ստեռլինգի հետ՝ 20-րդ դարասկզբին՝ չբացառելով, որ ԱՄՆ-ն հիմա նույն ճակատագիրն է սպասում, ինչ Բրիտանիային՝ 100 տարի առաջ։ Եթե ԱՄՆ-ն որոշ ճյուղերում դեռ պահպանում է առաջատարի դիրքը, ապա գլոբալ առումով Նահանգներին «այլևս չես անվանի անվիճելի առաջատար»։ Իսկ դա առաջին քայլն է դեպի դոլարի փլուզում։