Եվրոպան չի ճանաչել Բելառուսում ընտրությունների արդյունքները
Արխիվ 16-20
Եվրամիությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հնչեցրել է Բելառուսի ԿԸՀ-ն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ բելառուսական ճգնաժամին նվիրված արտահերթ գագաթնաժողովից հետո։
Բացի այդ, Բրյուսելը մտադիր է պատժամիջոցներ սահմանել «նրանց դեմ, ովքեր պատասխանատու են հանրապետությունում բռնության եւ ընտրությունների կեղծման համար»: Բացառված չեն նաև Լուկաշենկոյի դեմ հասցեական պատժամիջոցները։
Միշելը Մինսկին կոչ է արել ոչ բռնի ելք գտնել ճգնաժամից եւ հավաստիացրել է, որ ԵՄ-ն պատրաստ է «ուղեկցել իշխանության խաղաղ անցումը»:
Նաեւ հայտարարվել է 53 միլիոն եվրոյի հատկացումը «բելառուս ժողովրդի համար»:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Բելառուսը պետք է ինքնուրույն ձեռք բերի իր ճանապարհը, դա պետք է տեղի ունենա երկրի ներսում երկխոսության միջոցով, դրսից միջամտություն չպետք է լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «կասկած չկա, որ ընտրություններն անարդար են եղել»:
Իսկ ավելի վաղ Լուկաշենկոն հրաժարվել էր Մերկելի հետ հեռախոսազրույցից: Փոխարենը այսօր Կրեմլը հայտնել է վերջին հինգ օրվա ընթացքում Լուկաշենկոյի եւ Պուտինի միջեւ չորրորդ հեռախոսազրույցի մասին:
Ովքեր են ճանաչել ընտրությունները
Եվրոպայի փոխարեն Լուկաշենկոյի հաղթանակն ընդունելով՝ շնորհավորել է ՌԴ-ն եւ Չինաստանը։ Բացի այդ, Լուկաշենկոյի հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ այսօր Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: