Այո, մենք ունեցել ենք շատ ժամանակակից որոշ սպառազինությունների խնդիր, բայց դա խոչընդոտ չի հանդիսացել. Սարգսյան
Արխիվ 16-20
Ոչ միայն մենք, այլև բոլոր զինված ուժերը միշտ ունենում են լավագույն, ամենաժամանակակից սպառազինության կարիք: Սա ակնհայտ է: Այս մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի այն դիտարկմանը, թե սպառազինության պակաս է եղել և որ մեր սպառազինությունը ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ձեռք բերածին:
Սարգսյանը նախ ընդգծեց, որ հանձնաժողովին վերաբերող հարցերի այժմ չի պատասխանի, բայց ինչ վերաբերում է սպառազինությանը, ասաց.
«Բայց մենք 2016-ի ապրիլին առաջին անգամ օգտագործել ենք այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել այդ զինամթերքն օգտագործող հրամանատարները: Մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Այո, մենք ունեցել ենք շատ ժամանակակից որոշ սպառազինությունների խնդիր, բայց դա բնավ խոչընդոտ չի հանդիսացել մեր հաղթական գործողությունների համար»:
Սարգսյանն ընդգծեց՝ դեռևս 2008-ին ռուս-վրացական պատերազմի օրերին ՀՀ-ն հարևան, բարեկամ Իրանից ներկրել է հսկայական քանակությամբ դիզվառելիք, բենզին և հաց։
«Դրանք ոչ միայն մինչև Ապրիլյան պատերազմ, այլ մինչև իմ հրաժարականի օրը եղել են որպես պետական ռեզերվներ: Բացի դրանից, ՊՆ-ն մշտապես կուտակել և Ապրիլյանի նախօրեին ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար: Այո, մենք չենք ունեցել և տևական ժամանակ չենք ունենալու բոլոր լավագույն զինատեսակները, բայց միշտ եղածով մենք կատարել ենք մեր խնդիրը, և վստահ եմ, որ միշտ այդպես էլ լինելու է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հենց իր ղեկավարման օրոք վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանն է խոսել անորակ վառելիքի մասին, որի պատճառով զինտեխնիկան չի աշխատել, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. «Կարեն Կարապետյանը ևս հրավիրվել է հանձնաժողով, պատասխանել է հարցերին. կարծում եմ՝ նրանք բավարարված կլինեն դրանով»: