«Ամոթ է վարկաբեկել մահվան բերանին կանգնած սպաներին». Սերժ Սարգսյան
Արխիվ 16-20
«Բոլոր ժամանակներում, գոնե մինչև 2018-ի ապրիլ, բանակը մեր երկրի ամենահեղինակավոր կառույցներից էր։ Բանակի հետ շփումների պակաս չի եղել»,- այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ պատասխանելով «Փաստինֆո»-ի այն հարցին, թե պատասխանատվությունը չե՞ն զգում, որ հանրության հետ բաց ու թափանցիկ չեն խոսել, դրա համար բանակի պատրաստվածության մասին կասկածները շատ են։
«Ես ասում եմ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց պատվիրատուները տարբեր քաղաքական ուժեր են հանդիսանում։ Այլ խնդիր է, որ որոշ կառույցներ հատկապես զբաղվում էին բանակը վարկաբեկելու պրոցեսով։ Որևէ կառույց չի կարող առանց թերությունների աշխատել, հնարավոր չէ և ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում։ Քննադատությունն անխուսափելի է, բայց ես խոսում եմ վարկաբեկման մասին և սա ամոթ է, ամոթ է վարկաբեկել ցանկացած բանակ, որ իր ժողովրդին այսպիսի հաղթանակներ է բերել, այն սպաներին ու զինվորներին, ովքեր առավոտից երեկո կանգնած մահվան բերանին՝ պաշտպանում են մեր հայրենիքը։
Անթույլատրելի է։ Մենք միշտ էլ խոսել ենք և մեր ուրախ, և տխուր օրերին։ Բանակի հետ շփումների պակաս, կամ բանակի մասին խոսելու պակաս երբեք չի եղել։ Ես ուրախ եմ, որ հիմա այդպիսի փորձեր չկան, եթե կան, նախկին ժամանակահատվածին է վերաբերում, դա էլ էլի լավ է։ Դուք կարող եք օրինակ բերել, թե այսինչ հանրապետականը այսինչ բանն է ասել բանակի մասին, չի եղել նման բան»։