Ինչու հետախուզման մեջ թերացած պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվելու փոխարեն պաշտոն ստացան
Արխիվ 16-20
Ես արդեն ասել եմ, որ պատերազմի հավանականությունը մեծ է, դրա առաջնային պատճառն այն է, որ բանակցային գործընթացը փակուղում է, և դա մոտեցնում է պատերազմի վտանգը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է:
«Իմ կանխատեսումների մեջ էր մտնում այդ փակուղու վատ հետևանքներից՝ նաև Տավուշյան իրադարձությունները, վատ ոչ թե այն առումով, որ մենք այնտեղ անհաջողություն ունեցանք, ընդհակառակը՝ հաջողություն ունեցանք, բայց դա ևս վտանգ է և այդպիսի գործողությունները չեն նպաստում երկարատև խաղաղությանը»,- ասաց նա:
Հարցին էլ, թե մեր հետախուզությունը թերացել է, և եթե թերացել է, ապա պետք է լինեին ավելի խորը հետևանքներ, քան Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը, արդյոք հետախուզության թերացման հետ կապված եղել են քրեական գործեր, արդյոք մարդիկ պատասխանատվության ենթարկվել են, թե՝ ոչ, որովհետև պատերազմից կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը Մոսկվայում պաշտոնի անցավ, Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ հանցագործության որևէ դեպք իրեն հայտնի չէ, եթե հայտնի լիներ, իհարկե, կլիներ դատաքննություն և այլն:
«Իսկ ո՞վ է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն, այդպիսի հասկացություն չկա: Թերացումը նշանակում է թերացում, թերացումն անդրադառնում է մարդու պաշտոնեական առաջխաղացման, իր ծառայության շարունակման վրա և այլն: Ինչ վերաբերում է, թե ինչու Արշակ Կարապետյանը տևական ժամանակ հետո նշանակվեց Մոսկվայում որպես ռազմական կցորդ, ուզում եմ տեղյակ լինեք՝ ռազմական կցորդն իր կարգավիճակով բազմակի անգամ զիջում է հետախուզության վարչության պետի պաշտոնին»,- ասաց նա:
ՀՀ երրորդ նախագահը հարց հնչեցրեց՝ իսկ ո՞վ է ասել, որ եթե մարդն ընդհանարապես պաշտոնից ազատվում է նա ընդհանրապես պետք է գնա իրենց տուն։
«Մենք չունենք այդ շռայլությունը, որ բոլոր պաշտոններից ազատվածներին ուղարկենք տուն: Ես միշտ ցանկալի եմ համարում, եթե մարդուն պաշտոնից ազատում են, ապա ավելի ցածր պաշտոններում նրա գործունեությունը պետք է միշտ էլ ողջունելի լինի, իհարկե եթե թերացումներն այն աստիճանի չեն, որ կարող է նրանց պիտանելիության վրա ընդհանրապես խաչ քաշել: Կարծեմ՝ Արշակ Կարապետյանը հիմա ավելի բարձր պաշտոնի է: Մի կողմից ասում եք, թերացումներ, չեմ կարծում՝ որևէ մեկը դրանում կասկածում է, մյուս կողմից էլ պաշտոնի բարձրացում, ինքներդ դատեք»,- ասաց նա: