Գիտնականները հայտնաբերել են կորցրած տեսողությունը վերադարձնելու հեղափոխական միջոց
Արխիվ 16-20
Տորոնտոյի համալսարանի գիտնականները ցանցաթաղանթի բջիջների ֆունկցիաների վերականգնման եզակի մեթոդ են մշակել, որը թույլ կտա վերադարձնել կորցրած տեսողությունը: Հեղափոխական մեթոդիկայի հեղինակների խոսքով՝ մինչ այդ խնդրի վրա իրենց գործընկերները մեկ տասնամյակ աշխատել են, բայց ոչինչ չի ստացվել ։
Ինչպես նշում են բժիշկները, ավելի վաղ տեսողության վնասված օրգանին նոր բջիջների ինտեգրման մասին միտքը շատ հետազոտողների մտքով էր անցնում, սակայն բոլոր փորձարկումները ձախողվել են եւ փոխպատվաստված բջիջները չեն արմատավորվել: Կանադացի գիտնականներին հաջողվել է ստեղծել տեխնոլոգիա, որը թույլ է տալիս լուծել այդ բարդ հարցը։
«Համալսարանում մշակված հիդրոգելն օգնում է աչքերի մեջ նոր բջիջներ ինտեգրել։ Այն ապահովում է դրանց հավասարաչափ բաշխումը, նվազեցնում է բորբոքումը և նպաստում բջիջների վերականգնմանը ներարկումներից հետո առաջին իսկ օրերին»,- պատմել են նոր մեթոդիկայի հեղինակները։ Նրանց խոսքով՝ նոր մեթոդի կարեւոր առանձնահատկությունը միանգամից երկու տեսակի բջիջների՝ ֆոտոռեցեպտորների եւ ցանցաթաղանթի էպիթելի բջիջների ներարկումն է: Գիտնականներն արդեն փորձարկել են իրենց մեթոդիկան մկների վրա։ Արդյունքները հաստատել են նոր մեթոդի թերապիայի արևդյունավետությունը։ «Փորձարարական թերապիան կրծողների տեսողությունը վերականգնել է մոտ 10 տոկոսով»,- նշում են գիտնականները:
Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ արդյունքներն առայժմ նախնական բնույթ են կրում։ Առջևում գիտնականների թիմը դեռ մի շարք նախակլինիկական հետազոտություններ ունի, և փորձարարական բուժումից մինչև բժշկական պրակտիկայում մեթոդի ներդրումը կարող է շատ ժամանակ անցնել։