ԵՄ անդամ երկրների ղեկավարները Բելառուսի հարցով հրատապ գագաթնաժողով կհրավիրեն
Արխիվ 16-20
ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները օգոստոսի 19-ին արտահերթ գագաթնաժող կանցկացնեն՝ Բելառուսի նկատմամբ Եվրամիության որդեգրած քաղաքականությունը հստակեցնելու և առաջիկա քայլերը համաձայնեցնելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը:
Եվրոպական երկրների ղեկավարների նման շտապ հանդիպում հրավիրելու նախաձեռնությունը Լիտվայինն ու Լեհաստանինն է, որոնք նման հանդիպման անհրաժեշռությունը տեսնում էին օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բելառուսում անհրաժեշտ է վերջ տալ բռնությանն ու սկսել խաղաղ և բազմակողմանի երկխոսություն, և որ երկրի իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի կամքի հետ՝ առանց արտաքին որեւէ միջամտության:
Սպասվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները 5 հիմնական թեզեր են առաջ քաշելու. առաջին՝ ԵՄ առաջնորդները եւս մեկ անգամ շեշտելու են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են համարում, երկրորդ՝ պահանջելու են դադարեցնել ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ և ազատ արձակել այսպես ասած քաղաքական բանտարկյալներին, երրորդ՝ աջակցություն են հայտնելու իրենց բողոքի ձայնն արտահայտող քաղաքացիներին, չորրորդ՝ ԵՄ-ն աջակցություն է հայտնելու Բելառուսի ինքնիշխանության պահպանմանը՝ անթույլատրելի համարելով արտաքին ուժերի՝ երկրի ներքին գործերին միջամտելը, իսկ որպես արտաքին ուժ նկատի է առնվում Ռուսաստանը, և հինգերորդ՝ վերահաստատվելու է Լուշաշենկոյի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: