Պուտինը Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Եվրախորհրդի ղեկավարի հետ
Արխիվ 16-20
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես հենց նոր քննարկեցի Բելառուսում ստեղծված իրավիճակը նախագահ Պուտինի հետ: Միայն խաղաղ և իրապես ընդգրկուն երկխոսությունը կարող է կարգավորել երկրում տիրող ճգնաժամը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան օգտահաշվում:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջիկա չորեքշաբթի օրը Բելառուսի հարցով Եվրախորհրդի նիստ է հրավիրելու: ԵՄ անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նիստը կանցկացվի տեսաժողովի ձևաչափով:
Անցյալ ուրբաթ օրը ԵՄ ԱԳ նախարարները որոշում էին կայացրել, որ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Պատժամիջոցային ցուցակի մասին կհայտարարվի չորեքշաբթի օրը կայանալիք նիստում:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, որոնց համաձայն՝ հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնելու համար ամեն օր փողոց են դուրս գալիս: Ցույցերի առաջին օրերին ավելի քան 6700 մարդ է ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և հոսպիտալացվել: ՆԳՆ տվյալներով՝ նրանց թվում են իրավապահ մարմինների 120 աշխատակիցներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների երկու մասնակից մահացել է: