Ծանրամարտի միջազգային մրցաշարը կանցկացվի հեռավար տարբերակով
Արխիվ 16-20
Կորոնավիրուսի հետևանքով աստիճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ուզբեկստանի անկախության օրվան է նվիրվելու օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը։
Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։
100-ավոր ընտրված բարձրակարգ մարզիկներ կներկայացնեն հինգ քաշային կարգեր։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ, սակայն մասնակցելու են երեքը` Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102կգ) և գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Ընտրվածների թվում են նաև Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, որոնք վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով չեն մասնակցի մրցաշարին։
Առաջին եռյակը զբաղեցնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։
Մրցաշարի հաջողության դեպքում նույն սցենարով կանցկացվի նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ շեշտը դրվելու է Մոսկվայում հոկտեմբերի 31-ին սկսվող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։
Տեղի կունենա նաև ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն։ Մրցավարական հանձնաժողովում ևս թեկնածու է առաջադրված Արայիկ Ալավերդյանը։