Ամերիկացի կոնգրեսականները դատապարտել են Բելառուսին օգնելու Ռուսաստանի պատրաստակամությունը
Արխիվ 16-20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը եւ կոմիտեում հանրապետականների առաջնորդ Մայքլ Մաքքոլը հանդես են եկել դատապարտմամբ այն բանի, որ Ռուսաստանը, իրենց կարծիքով, պատրաստ է Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերել՝ այդ երկրում ընթացող բողոքի ակցիաների կապակցությամբ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է Հանրապետությանը անվտանգության ապահովման համար առաջին իսկ դիմումի դեպքում օգնություն ցուցաբերելու մասին: Լուկաշենկոն վկայակոչել է ՀԱՊԿ-ի եւ միութենական պետության շրջանակներում երկու երկրների պայմանավորվածությունները։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ավելի ուշ հայտարարել է, որ Բելառուսը կարող է օգնություն խնդրել այդ կազմակերպությանը, եթե նրա պաշտպանությանը սպառնում է արտաքին վտանգ: ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ իր քարտուղարություն ոչ մի դիմում Բելառուսից չի ստացվել, եթե այն ընդունվի, ապա կքննարկվի սահմանված կարգով, բոլոր որոշումներն ընդունվում են բոլոր անդամ պետությունների հետ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Բելառուսի Լուկաշենկոյի ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անխոհեմ առաջարկը»,- ասված է ամերիկյան ուլտրալիբերալ օրենսդիրների հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի վարչակազմին՝ շարունակել մերժել Մոսկվայի ագրեսիան եւ աշխատել մեր եվրոպացի դաշնակիցների հետ՝ նպատակ ունենալով աջակցել բելառուս ժողովրդին, պահանջել ազատ արձակել հազարավոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին եւ քաղաքական բանտարկյալներին, դատապարտել բելառուսական իշխանությունների կողմից բռնության չափազանց կիրառումը եւ պաշտպանել սեփական ապագան կառուցելու Բելառուսի ինքնիշխան իրավունքը»,- հավելել են Էնգելը եւ Մակքոլը:
Ամերիկյան օրենսդիրների նման դիրքորոշումը կարելի է հասկանալ։ Ի վերջո նրանք ներկայացնում են այն, այսպես ասենք, սորոսանմանների բլոկը, հենց որն էլ Բելառուսում կազմակերպել է «գունավոր հեղափոխության» փորձը։ Հեռակա նպատակն էլ չի թաքցվում՝ Բելառուսն իրենցով անել եւ պոկել ՌԴ-ից։ Իսկ եթե Մոսկվան միջամտի, այս ծրագրերը եւ այդ ուղղությամբ կատարված հսկայական ծախսերը միանգամից ջուրը կլցվեն։