Տհաճ ախտանշաններ, որոնք հուշում են ճարպերով հարուստ մթերքի չարաշահման մասին
Արխիվ 16-20
Ճարպերը շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար և պետք է անպայման մշտական սննդակարգի մասը կազմեն, սակայն դրանց չարաշահումը կարող է շատ վտանգավոր լինել։ Բացի այդ, մասնագետները հաճախ են նշում, որ օրգանիզմին անհրաժեշտ են օգտակար ճարպեր, մինչդեռ մարդիկ սովորաբար օգտագործում են ճարպերի վնասակար աղբյուրներ, որոնք ոչ միայն չեն տալիս օրգանիզմին անհրաժեշտ նյութերը, այլև առաջացնում են մի շարք առողջական խնդիրներ։
Կլինիական սննդակարգի գերմանական միության մասնագետները խորհուրդ են տալիս օրական 60-80 գրամ ճարպ օգտագործել ու անպայման պահել այս տարրերի քանակությունը վերահսկողության տակ, այլապես դրանց չարաշահումը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ գերմանացի մասնագետները նշում են, որ մարդու օրգանիզմը միշտ նախազգուշացնում է ճարպերի չարաշահման մասին որոշակի ախտանշանների միջոցով, ուստի դրանք ժամանակին նկատելը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել ու անհրաժեշտ փոփոխություններն անել սննդակարգում։
Մասնագետները նշել են այն հիմնական ախտանշանները, որոնք հուշում են ճարպերով հարուստ մթերքի չարաշահման մասին։
Քաշի ավելացում
Ճարպի մեկ գրամը պարունակում է 9 կալորիա, ինչը կրկնակի ավելի է, քան նույն քանակությամբ ածխաջերն ու սպիտակուցներն են պարունակում։ Նման բարձր կալորիականության պատճառով ճարպերի չարաշահման դեպքում օրգանիզմն ավելի շատ էներգիա կստանա, քան անհրաժեշտ է, ինչի հետևանքով ավելորդ կալորիաները կսկսեն կուտակվել ճարպաշերտերի տեսքով՝ հանգեցնելով քաշի ավելացման։
Առատ քրտնարտադրություն
Երկար ժամանակ անառողջ մթերք ու կենդանական ծագման ճարպերով հարուստ սնունդ օգտագործող մարդիկ կարող են բախվել առատ քրտնարտադրության խնդրին։ Բանն այն է, որ նման մթերքի գործածությունը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչն էլ ստիպում է օրգանիզմին շատ ավելի ինտենսիվ քրտինք արտազատել։
Բերանի խոռոչի տհաճ հոտ
Եթե ճարպն օրգանիզմի համար էներգիայի հիմնական աղբյուրն է, ապա օրգանիզմում ավելի շատ կետոններ են արտադրվում, քանի որ դրանք ճարպի տարրալուծման հետևանքով առաջացող նյութեր են։ Այս տարրերի բարձր պարունակությունն օրգանիզմում հանգեցնում է բերանի խոռոչի տհաճ հոտի, ուստի նման տհաճ խնդրի առկայության դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն բերանի խոռոչի հիգիենային, այլև սննդակարգին։
Մարսողության հաճախակի խանգարումներ
Յուղոտ մթերքը դժվար է յուրացվում և դրա մարսողության համար բավական երկար ժամանակ է պահանջվում, իսկ եթե դրա հետ մեկտեղ մարդն օրվա ընթացքում օգտագործում է նաև այլ մթերք, ապա մեծ է հավանականությունը, որ աղիների աշխատանքը կարող է խանգարվել։ Նման դեպքերում խնդրի մասին կարող են նախազգուշացնել գազերի կուտակումը, փորլուծությունն ու որովայնի ցավերը։
Ինքնազգացողության ընդհանուր վատթարացում
Առավել հաճախ մարդկանց սննդակարգում ճարպի աղբյուր են հանդիսանում վերամշակում անցնած մսամթերքը, երշիկեղենը, թխուկներն ու արագ սնունդը, սակայն դրանք պարունակում են ոչ թե առողջարար ճարպեր, այլ պնդացած ճարպաթթուներ՝ տրանսճարպեր, որոնք հանգեցնում են օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման։ Երբ մարդիկ չարաշահում են նման մթերքը, մարսողական համակարգը գերծանրաբեռնվում է և օրգանիզմը հսկայական քանակությամբ էներգիա է վատնում վերականգնվելու համար։ Արդյունքում գլխուղեղը չի ստանում բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան, ինչը հանգեցնում է հոգնածության, անտարբերության ու ցրվածության։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru