Բելառուսը զորավարժություններ կանցկացնի Լիտվայի հետ սահմանին
Արխիվ 16-20
Բելառուսի զինված ուժերը օգոստոսի 17-21-ը մարտավարական զորավարժություններ կանցկացնեն բելառուսա-լիտվական սահմանի շրջանում: Այս մասին հաղորդել է Պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունների ընթացքում բելառուսական բանակի մի մասը մարտական պատրաստության պլանային պարապմունքներ կանցկացնի մարտական հրաձգությամբ, ինչպես նաեւ կմշակեն պետական սահմանի հատվածների պահպանության ուժեղացումը:
«Զինված ուժերում շարունակվում է մարտական պատրաստության պլանային միջոցառումների իրականացումը։ Օգոստոսի 17-ից 20-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, զորավարժարաններում եւ տեղանքի առանձին հատվածներում տեղի կունենան ռեակտիվ դիվիզիոնների մարտկոցներով մարտավարական մի շարք վարժանքներ՝ Օստրովեցի մերձակայքում: Հրթիռային զորքերի եւ հրետանու ստորաբաժանումները նշանակված օբյեկտներով կկատարեն մարտական հերթապահության անցնելու խնդիրները:
147, 1146 եւ 740 զենիթահրթիռային գնդերի ստորաբաժանումներն առաջադրվել են նշանակված շրջաններում եւ օդային տարածքում Բելառուսի Հանրապետության պետական սահմանի պահպանության շրջանակներում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության են անցել:
Գումարտակային մարտավարական վարժանքի շրջանակներում 103 օդադեսանտային բրիգադի անձնակազմը կառաջանա «Գոժսկի» զորավարժարան, որտեղ սահմանապահ ծառայության մարմինների հետ համատեղ կմշակեն պետական սահմանի հատվածների ուժեղացման հարցերը:
Այդ ընթացքում «Օբուզ-Լեսնովսկի» եւ «Գոժի» զորավարժարաններում կանցկացվեն Մարտական պատրաստության պլանային պարապմունքներ՝ առանձին տանկային եւ մեքենայացված 6 եւ 11 առանձին մեքենայացված բրիգադներով մարտական հրաձգությամբ:
Ներկայումս զորքերը զբաղեցնում են զորավարժարաններում եւ տեղանքի տեղամասերում վարժանքների շրջանները, ավարտում են դրանց ամրացման սարքավորումները եւ պատրաստ են ուսումնամարտական առաջադրանքների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչքան էլ սա համարվում է պլանային զորավար-անք, սակայն դժվար չէ կռահել, որ այն նախազգուշացնող քայլ է՝ ուղղված մասնավորապես Լիտվային, որն ակնհայտորեն ակտիվ գործում է այս օրերին Լիտվայում տեղի ունեցող իրադարձությունների թիկունքում։