«Հանրությանը նախապես պետք է տրամադրվեր տեղեկատվություն կապիտան Ռուբեն Սանամյանի մասին». Նորայր Նորիկյան
Արխիվ 16-20
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ Նախագահին միջնորդություն է ներկայացրել` կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է։
Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
Կարող եմ ենթադրել, որ կապիտան Ռուբեն Սանամյանը հանդիսացել է ռազմավարական բնույթի բարձունքի ու դիրքերի ազատագրման ստորաբաժանման ղեկավարը, բայց շատ լավ կլիներ, որ հանրությանը նախապես տրամադրվեր համապարփակ տեղեկատվություն, թե մատուցած ի՞նչ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայության համար է վերջինիս շնորհվում ՀՀ բարձրագույն կոչում:
Ավելի՛ն, շատ լավ կլիներ, որ նախապես հանրությանը ծանոթացվեր Ռուբեն Սանամյանը` փոքրիկ տեսաֆիլմի կամ հաղորդման տեսքով...»: