«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔՆ ՈՒՆԻ ՆՈՒՅՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉ ԴԵՎԵՐԻ ՀԱՄԱՐ` ՆԱՐԵԿԸ»
Արխիվ 16-20
Կրթական չափորոշիչների, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձի շուրջ առաջացած աղմուկի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
Աշակերտները պետք է սովորեն հակաբեղմնավորիչների տեսակները, դրանց օգտագործման առանձնահատկությունները
– Պարոն Նազարյան, ի՞նչ է կատարվում կրթության ոլորտում այսօր: Հայտնի է, որ քննարկվում են կրթական չափորոշիչները, որի մասին իրենց մտահոգությունն են բարձրաձայնում մասնագետները, իսկ իշխանավորները, կարծես թե, այնքան էլ լուրջ չեն ընդունում:
– Ցանկանում եմ կարճ անդրադառնալ երկու առարկայի առարկայական չափորոշիչներին` հայոց պատմությանը եւ կենսաբանությանը: Քանի որ մասնագիտությամբ կենսաբան եմ, պետք է նշեմ, որ գործող իշխանությունները, տուրք տալով իրենց ֆինանսավորող մի շարք կազմակերպությունների ինչպես սեռական փոքրամասնությունների հարցը առաջ տանելով, այնպես էլ կենսաբանության դասընթացը վերածել են՝ ես նախընտրում են ասել «անվտանգ սեքս» մի վիճակի: Խնդիրը հետեւյալն է, որ Լանզարոտեի եւ Ստամբուլյան կոնվենցիայով որոշ դրույթներ սպրդել են այնտեղ, եւ գուցե անզեն աչքով այն նկատելի չլինի, սակայն, օրինակ, 8-րդ դասարանի կենսաբանության գրքում գրված է, որ վերարտադրողական առարկայի շրջանակներում հիմա հստակ պահանջ է ներկայացված, որ աշակերտները պետք է սովորեն հակաբեղմնավորիչների տեսակները, դրանց օգտագործման առանձնահատկությունները: Ավելի վատ եւ ծանր վիճակ է 12-րդ դասարանցիների համար, արդեն ավագ դպրոցում, որտեղ չափորոշիչներում հատուկ տեղ է տրված բազմացում թեմային, որտեղ ավելի բաց ձեւով ներկայացվում է ինչ տիպի հակաբեղմնավորիչներ կան, ինչպես պետք է ընդհատել հղիությունը եւ նմանատիպ այլ նյութեր:
Երրորդ նախագահի մոտ է այն կողպեքի բանալիները, որով փակվել է այս իշխանությունը
– Անդրադառնանք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձին, որը մեծ աժիոտաժ առաջացրեց իշխանականների շրջանում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նախագահի տեսաուղերձը այդչափ «մտահոգեց» վերջիններիս` անսպասելի էր նրանց համար, թե՞ խնդիրը լրիվ այլ տեղում է: Չմոռանանք, որ Անդրանիկ Քոչարյանը եւս կրկին թիրախավորեց երրորդ նախագահին:
– Գործող իշխանությունների համար նախագահի խոսքն ունի նույն ազդեցությունը` ինչ դեւերի համար Նարեկը: Բնական է, որ 3-րդ նախագահի յուրաքանչյուր խոսքը պետք է հիսթերիայի մեջ գցի գործող իշխանություններին, որովհետեւ նրա մոտ է այն կողպեքի բանալիները, որով փակվել է այս իշխանությունը, եւ իրենք հասկանում են, որ ցանկացած խոսքի դեպքում, կարող է այդ կողպեքը բացվել եւ գործող իշխանությունը կարող է քանդվել ամենավատ ձեւով: Գործող իշխանությունները պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանի բերանը փակել հնարավոր չէ եւ կամ ում կարելի է վախեցնել, կոմպրոմատներ հավաքել: Եվ պետք է հասկանալ, որ այն մարդիկ, ովքեր պատերազմի դաշտում գտնվելով` հանգիստ թեյ են խմել, հնարավոր չի նրանց ահաբեկել, վախեցնել: Ինչ վերաբերում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ապա ո՞վ է նա առհասարակ: Ես ծնվել եմ 1989 թվականին, այսինքն գրեթե նորանկախ Հայաստանում եւ գիտեմ Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին, բայց նրա մասին չեմ լսել: ՀՀՇ-ական մի չինովնիկ, ով նախկին իշխանության մի մասն է, ով պետք է պատասխան տա իր քաղաքական թիմի կողմից՝ մեզանից խլած մանկության համար: Բայց ինքն այսօր ասում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք դիրքեր ենք կորցրել: Նրան հարկավոր է մի հարց տալ, որ եթե ապրիլյանի ժամանակ մեր բանակը 3000 հեկտար ավել գրավեր, եւ Հայաստանը հայտնվեր միջազգային պատժամիջոցների տակ, դա իրենց համար ավելի ընդունելի կլինե՞ր: Ես խորհուրդ կտամ, որ ապրիլյան հանձնաժողովից հետո եւս մի հանձնաժողով բացեն եւ քննեն 1920 թվականի Հայ-թուրքական պատերազմի դեպքերը, որտեղ հայկական բանակն ուներ 100 տոկոսանոց մատակարարող, բայց կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որտեղ Հայաստանը կորցրեց իր տարածքի ուղիղ կեսը եւ անկախությունը: Այս պարագայում Անդրանիկ Քոչարյանի համար կստացվեր, որ դա նորմալ էր մեզ համար:
Գործընթացները ցույց տվեցին, որ հնարավոր չի լինելու առանց Սերժ Սարգսյանի
– Պարոն Նազարյան, դուք նշեցիք, որ կողպեքը ՀՀ երրորդ նախագահի ձեռքում է, որից անհանգստացած են այս իշխանությունները: Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ այդ կողպեքի բանալիները գործադրվեն:
– Տեսեք, մի բան է ունենալ այդ կողպեքն ու բանալիները, եւ մեկ այլ բան է, որ մեր հասարակությունը ցանկանա, որ այն բացվի: Ինչպես հիշում եք, նախագահը խոստացավ, որ համավարակի թուլացման պայմաններում նա կխոսի ապրիլյան իրադարձություններից: Եվ մի բան էլ նշեմ, որ խնդիրը միայն այս իշխանությունների հեռանալը չէ, այլ դրանից հետո նորմալ կառավարություն ունենալն է, եւ գործընթացները ցույց տվեցին, որ հնարավոր չի լինելու առանց Սերժ Սարգսյանի:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ