Ուղղակի պարտավոր ենք ապահովել ջավախքում ներքին կայունություն. Շիրակ Թորոսյան
Արխիվ 16-20
Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանի Ախալքալաք քաղաքում օգոստոսի 8-ին հնչել էին կրակոցներ, այրվել բնակարաններ եւ տեղի ունեցել խմբակային բախումներ մահակներով: Պատճառը եղել էր այն, որ 37-ամյա Արթուր Գաբրիելյանի եւ Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանի միջեւ ծագել էր լեզվակռիվ, որն էլ վերաճել էր ծեծկռտուքի եւ ավարտվել կրակոցով, ինչի հետեւանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր Վ. Միրանյանը: Իսկ Ա. Գաբրիելյանը ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով: Մահացածի հարազատներն էլ սկսել էին կոտրել տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել սեփականատիրոջ տունը: Ընդհանուր առմամբ` հրկիզվել էր 4 տուն, որոնք հարձակվողների կարծիքով` պատկանել է ենթադրյալ հանցագործի հարազատներին: Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել քաղաք հատուկ նշանակության ուժեր բերել: Ջավախքում տիրող իրավիճակի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:
«ՍԱ ԴԱՌԸ ԴԱՍ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ»
– Պարոն Թորոսյան, ինչո՞ւ է Ջավախքը, այսպես ասած, վերածվել Սիցիլիայի, եւ ի՞նչ կարող եք ասել տեղի ունեցածի մասին:
– Իրականում մի քիչ շատ խիստ գնահատական տվեցիք, երեւի, Սիցիլիա ասելով` ենթատեքստում նկատի ունեք հանցավոր խմբավորումներ եւ այլն, բայց սա այդ դեպքը չէ: Այդ մարդկանց միջեւ եղել է երկու-երեք տարի առաջ ծագած հին հակասություն, պարբերաբար ունեցել են կոնֆլիկտներ, եւ հերթական կոնֆլիկտը, ցավոք, ավարտվեց ողբերգությամբ, որն ամենաանցանկալի սցենարն էր, որը երբեւէ կուզենայինք: Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք, եւ կարծում եմ` սա դառը դաս էր մեզ համար, որ ավելի հետեւողական լինենք, ավելի զգուշավոր, ավելի պատասխանատու, չփորձենք անհարթություններն ու կոնֆլիկտներն այդ ճանապարհով, ուժային մեթոդներով լուծել: Ինչպես գիտեք, եղան հրդեհումներ, ավերածություններ, մեքենաներ ջարդեցին եւ այլն, ինչն անթույլատրելի է: Պետք է ավելի հանդուրժողական լինենք, ավելի հարգալից` միմյանց նկատմամբ: Ընդհանրապես` սուր կոնֆլիկտները երբեք լավ բանի չեն բերում, ինչպես այս դեպքում, երբ դժբախտաբար երիտասարդ տղա սպանվեց: Սա ամենացավալին է, որովհետեւ ամեն ինչ վերադարձնելի է, բացի մարդկային կյանքից: Անդառնալի է կորուստը, եւ սա է ամենաողբերգականը: Մենք մեր մեջ ուժ պետք է գտնենք եւ հաղթահարենք մարդկային այդ նեգատիվ զգացողությունները մեկը մյուսի նկատմամբ եւ կարողանանք յուրաքանչյուր կոնֆլիկտ լուծել մարդավայել եւ խաղաղ ճանապարհով:
– Սա ո՛չ առաջին դեպքն էր, ո՛չ էլ, ցավոք, վերջինը: Ըստ ձեզ, ո՞րն է խնդիրը, որ Ջավախքում նման ճանապարհով հաճախ են «հարցեր լուծվում»: Նկատի ունեմ` ընտանիքների միջեւ «պատերազմները», կրակոցները, հրդեհումները:
– Լինում է այնքան, որքան բոլոր տեղերում, չէի ասի, թե հաճախ է լինում, ուղղակի, խիստ անցանկալի է, հատկապես Ջավախքում նման դեպքերը, որովհետեւ Ջավախքի ներքին կայունությունը եւ միասնականությունը կենսական անհրաժեշտություն է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի համար: Մենք իրավունք չունենք այնտեղ որեւէ հարցի շուրջ պառակտվածություն ունենալու, եւ այդպիսի կոնֆլիկտները պետք է հաղթահարվեն ավելի հումանիստական ճանապարհով: Ես կոչ եմ արել եւ հիմա էլ կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` փորձել լինել ավելի զուսպ, ավելի հավասարակշիռ եւ միշտ հիշել, որ Ջավախքը մի տարածաշրջան է, որտեղ մեր թշնամիներն անպայման փորձում են անկայունություն սերմանել եւ օգտվել դրանից: Սա է կարեւոր այն պատճառը, որ ուղղակի պարտավոր ենք ապահովել այնտեղ ներքին կայունություն, ինչը, իսկապես, անհրաժեշտություն է: Մինչդեռ կենցաղային նման տիպի կոնֆլիկտները եւս պարարտ հող են ծնում մեր թշնամիների համար` դրանք հետո վերածելու այլ զարգացումների, դարձնելու անգամ ազգամիջյան բախումներ եւ այլն:
«ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
– Սա դեռ կենցաղային խնդիրների ֆոնի վրա տեղի ունեցած միջադեպ էր, բայց վերջին շրջանում ականատես եղանք նաեւ քաղաքական բախումների: Մասնավորապես` Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների միջեւ զենքի կիրառմամբ բախում էր տեղի ունեցել: Հետո պարզվել էր, որ կռվել են հենց Մկոյանն ու Պետրոսյանը, իսկ ոստիկանությունը բերման էր ենթարկել Պետրոսյանին ու նրա 19-ամյա զարմիկին: Նրանց 7 տարվա ազատազրկում է սպառնում: Բայց ընդդիմությունը տեղի ունեցածի մեղավոր է համարում Մկոյանին ու դատախազությանը կոչ է արել զբաղվել նրանով: Ի վերջո, ո՞վ էր ճիշտ, ով` սխալ, եւ ի՞նչ չեն կարողանում կիսել հայ քաղաքական գործիչները Վրաստանում:
– Թե ինչ չեն կարողանում կիսել, իրենց անձնական խնդիրն է: Այո, կոնֆլիկտը եղել է, կրակոցներ են հնչել, կան ձերբակալվածներ: Խնդիրը իրավապահ մարմինների դաշտում է, եւ նրանք էլ քրեական տարր պարունակող գործողությունների գնահատականը կտան: Այս առումով ոչինչ ասել չեմ կարող: Բայց նաեւ պետք է նշենք, որ այդ կոնֆլիկտը եւս անձերի միջեւ էր եւ դիտարկվում է կենցաղային հողի վրա, որովհետեւ չգիտեմ, թե ինչքանով է սա քաղաքական: Համենայնդեպս, ես տեղի ունեցածը քաղաքական պրոցես չեմ համարում:
– Ամեն դեպքում, Հենզել Մկոյանը դիմել է երկրում հավատարմագրված դեսպաններին: Նրա փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին հայտարարել է, թե անհայտ անձինք սպառնալիքներ են հնչեցրել Հ. Մկոյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին, ինչպես նաեւ փորձել են նրանից 5 մլն դոլար շորթել: Ի՞նչ եք կարծում` կարիք կար խնդիրը փորձել լուծել օտարերկրյա դիվանագետների, մասնավորապես` ԱՄՆ դեսպանի միջոցով:
– Կարծում եմ` սա կապ չուներ իր եւ նախկին պատգամավորի կոնֆլիկտի հետ, կամ ինչքանով կապ ունի, չեմ կարող ասել, որովհետեւ հայտնի չէ, թե ովքեր են սպառնացողները: Այդ սպառնալիքները եղել էին ավելի ուշ, քան տեղի են ունեցել հայտնի դեպքերը: Եվ քանի որ հայտնի չէ, թե ովքեր են սպառնացողները, բնականաբար, այստեղ եւս գնահատական չենք կարող հնչեցնել: Փաստն այն է, որ պատգամավորի փաստաբանը հրապարակել է այդպիսի տեղեկատվություն:
«ԱՅԴ ԿՐԱԿՈՑՆԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»
– Խորհրդարանական ընտրություններից առաջ միշտ լարվում է իրավիճակը Ջավախքում, հիմա կրկին ունենք նույն պատկերը: Թեկնածուներից ո՞ւմ եք Դուք սատարելու, եւ առհասարակ` հայության համար ո՞վ ավելի լավ պատգամավոր կարող է լինել Վրաստանի խորհրդարանում: Օրինակ, հայապահպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ո՞վ կարող է գործուն քայլեր իրականացնել:
– Ընդհանրապես ընտրություններից առաջ ամեն տեղ էլ լարվածություն է առաջանում, ինչն օրինաչափ է, որովհետեւ սա գաղափարների բախում է:
– Ամեն դեպքում, միշտ չէ եւ ամեն տեղ չէ, որ նախընտրական լարվածությունը վերածվում է իրար վրա կրակելու միջադեպերի...
– Էլի եմ ասում` այդ կրակոցներն ամենեւին կապ չունեն ընտրությունների հետ, եւ ինչպես դիտարկեցինք, կենցաղային հողի վրա տեղի ունեցած բախումներ են, որոնք կարող են լինել միշտ` անկախ նրանից ընտրություն է, թե` ոչ, ուղղակի համընկնում է եղել: Իսկ ինչ վերաբերում է, թե հայությունն ընդհանրապես ո՞ւմ կսատարի, կարծում եմ` դեռ վաղ է այդ մասին խոսելը: Կսպասենք պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, կդիտարկենք քաղաքական ուժերի կարգախոսները, ծրագրերը, նրանց մոտեցումները Վրաստանի հայության խնդիրների նկատմամբ, դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների եւ ընդհանրապես` հայ համայնքի հետ կապված խնդիրներում, եւ ըստ այդմ` կկողմնորոշվենք, ու Վրաստանի հայությունը, մասնավորապես` Ջավախքի, կկատարի իր ընտրությունը:
«ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ, ԹԵ ԻՆՉՔԱՆՈՎ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ»
– Հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նոր հայ քաղաքական դեմքերի կարիք տեսնո՞ւմ եք, թե՞ տեղի հայությունը «փորձված թանն անփորձ մածունի հետ չի փոխի», եւ կրկին Վրաստանի խորհրդարանում կհայտնվեն այն հայ պատգամավորները, ովքեր արդեն օրենսդրական աշխատանքի փորձ ունեն:
– Ընտրությունների նախնական փուլում որոշակիորեն դիտարկվում է նորացում, մասնավորապես` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նոր մեծամասնական թեկնածու է առաջադրել գործող պատգամավորի, որը համամասնական ցուցակով էր մտել Վրաստանի խորհրդարան, այժմ նա կլինի մեծամասնական թեկնածու: Խոսքը Սամվել Մանուկյանի մասին է: Բնականաբար, իշխող կուսակցությունը համամասնական ցուցակում եւս կունենա Ջավախքից թեկնածու, ինչը, այսպես ասած, չգրված օրենքով միշտ լինում է: Հետեւաբար, նոր դեմք ի հայտ կգա, իսկ այդ թարմացումները հետագայում ցույց կտան, թե ինչքանով են արդարացված, եւ ինչքանով են այդ նոր դեմքերն ավելի նախաձեռնողական լինելու հայության գլոբալ խնդիրների առաջքաշման առումով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ