ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 16-20
Առավել վաղ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին մասնակցել է իր քավորի դստեր` Իջեւան քաղաքի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի դստեր` Հայկուհի Ղալումյանի հարսանյաց միջոցառմանը, որը տեղի է ունեցել հենց Ղալումյանին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրում: Թեեւ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հերքեց Փաշինյանի մասնակցությամբ հարսանիքի մասին լուրը, այնուամենայնիվ Իջեւան քաղաքի մեր աղբյուրներն այլ բան են պատմում: Ըստ մեր աղբյուրի` պարզվում է` Նիկոլ Փաշինյանն իսկապես մասնակցել է վերոնշյալ հարսանյաց արարողությանը, ավելին` վարչապետից բացի, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս մասնակցել են նույն հարսանիքին: Ըստ մեր աղբյուրի` ոստիկանապետ Վահե Ղազարյանը տիկնոջ` Լուսինեի հետ միասին եւս մասնակցել է հենց այդ նույն հարսանյաց արարողությանը: Իջեւանցիների խոսքով` հարսանյաց արարողությունը նման է եղել ավելի շատ քաղաքական հավաքույթի, այլ ոչ թե հարսանիքի, քանի որ հիմնականում հյուրերը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի դեպ, Իջեւան քաղաքում շշուկներ են պտտվում, որ քաղաքապետի ԺՊ Ղալումյանի տիկնոջը հարսանիքից մեկ օր առաջ քաղաքապետարանի շենքից դուրս գալիս տեսնողներ են: Ուշագրավ է, որ վերջինիս ձեռքին եղել են թանկարժեք կոնյակի տուփեր, սակայն թե ինչ կոնյակներ են եղել տիկնոջ ձեռքին, եւ ինչու է տիկինը քաղաքապետարանի շենքից կոնյակներ դուրս բերել, մեր աղբյուրին հստակ պարզել չի հաջողվել:
Ա. ԱՎԱԳՅԱՆ