ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԴԱՐԴԸ ԱՂՋԿԱ ՀԱՐՍԱՆԻ±ՔՆ Է
Արխիվ 16-20
Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ուշագրավ հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Մասնավորապես` Ս. Միքայելյանին դուր չէր եկել ընտանեկան միջոցառումների մասնակիցների սահմանափակումը, որը չի կարող գերազանցել 40-ը: Ըստ նրա. «Սահմանափակումը, որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով: Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, 60 հոգով հնարավորություն կտանք, կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, հարսանիք չեն կարողանում անել, հնարավորություն կտանք, որ անեն հարսանիքը: Կամ տարածքները, որ ասում եք բաց տարածքներում է միայն թույլատրվում, մարզերում էլ երեկոները ցուրտ է, փակ տարածքներում կարող է արվել 60 հոգանոց հարսանիք` պահպանելով սեղանների հեռավորությունը»: Սակայն, պարետն այդպես էլ չփարատեց Ս. Միքայելյանի առաջարկը` ընդգծելով. «Իրականում հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային իրավիճակից, եւ եթե դրական տենդենցը պահպանենք, հաջորդ քայլով մեղմացումները կարող են ավելին լինել, քան Ձեր առաջարկածը: Դրա մասին արդեն, երբ թեթեւացած ռեժիմի կանցնենք, առիթ կունենանք խոսելու ու հնարավորությունները կքննարկենք»: Այս պատասխանից հետո Ս. Միքայելյանի մոտ շտապեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ, հավանաբար, որպեսզի մեղմի նրա դժգոհությունը: Ի վերջո, ո՞րն էր Միքայելյանի մտահոգությունը, քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե պատճառը նրա դստեր դեռ չկայացած հարսանիքն է: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա փետրվարի 28-ին տեղի էր ունեցել Ս. Միքայելյանի դստեր նշանադրությունը: Նրա փեսացուն Ս. Միքայելյանի մարտական ընկերոջ որդին է` Կոտայքի փոխմարզպետ ՎԱՍԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Ըստ էության, Միքայելյաններն ու Վարդանյանները փորձում են պլանավորել հարսանիք, սակայն չեն տեղավորվում 40 հոգով այն նշելու պարետատան սահմանափակող կանոնի մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ