Իշխանությունը հայրենասեր պատմաբանների դեմ «ընդդիմություն» է հավաքագրում
Արխիվ 16-20
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հանրակրթական չափորոշիչներին դեմ հանդես եկող պատմագիտական հանրույթի մտահոգությունները փարատելու եւ նրանց բարձրաձայնած բացահայտումների հետքերով գնալու փոխարեն, որոնք կոնկրետ վերաբերում են երկրի ազգային անվտանգությանը, իշխանությունը փորձում է ընդդեմ նրանց «ընդդիմություն» ձեւավորել: Ըստ շրջանառվող խոսակցությունների` իշխանական «գուսանների» դեր են ստանձնելու հենց Երեւանի պետական համալսարանից որոշ պատմաբաններ, որոնք օրվա իշխանության հետ սերտ հարաբերությունների մեջ են: Այդ շարքում իր ուրույն ներդրումն է ունենալու ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հնագիտության եւ ազգագրության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, որը 2018 թվականին` փաշինյանական «թավշից» հետո ընտրվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Իսկ թե ինչ պետք է անի Լ. Աբրահամյանը եւ ինչպես ԿԳՄՍ նախարարությանը պետք է արդարացնի ու քննադատի իր գործընկեր պատմաբաններին, այդ հարցում նրան կհուշի ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ` Մատենադարանում, Գիտությունների ակադեմիայում եւ ԵՊՀ-ում ամբարած իրենց ռեսուրսներով, ինչից անմասն չեն մնա նաեւ սորոսական կարկառուն դեմքերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ