ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԿԱԿՏԻՎԱՆԱՆ
Արխիվ 16-20
Ինչ խոսք, վերջին օրերին համաշխարհային քաղաքականության հիմնական կիզակետը դարձել է Բելառուսը: Ընդ որում, այն Հայաստանի համար եւս կարեւորագույն թեմա է: Վերջին հաշվով, Լուկաշենկոյի հերթական «միապետական հաղթանակի» եւ դրանից բխող զարգացումներից է կախված ՌԴ-Բելառուս հարաբերությունների խնդիրը: Իսկ նրանով, թե ուր կգնան ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ այդ երկու պետությունների հարաբերությունները, մեծապես պայմանավորված է այս ինտեգրացիոն միավորների եւ, ըստ այդմ էլ՝ Հայաստանի ապագան:
ՆՈՐԻՑ ՍՈՐՈՍԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Այսպիսով, ի՞նչ է կատարվում Բելառուսում: Մի պահ նախընտրական փուլում Լուկաշենկոն աղմկում էր, թե Մոսկվան է փորձում ընտրությունների միջոցվով իրեն տապալել, մինչեւ իսկ կալանավորեց եւ անկարգություններ հրահրելու մեղադրանք ներկայացրեց ռուսական ոչ պետական ռազմական կազմակերպության մի քանի տասնյակ անդամներին: Վերլուծաբանները գրեթե միահամուռ այն կարծիքին էին, թե բատկան այդկերպ մեսիջ է հղում Արեւմուտքին, թե՝ «Պատրաստ եմ ձեզ հետ համագործակցել»: Ընդ որում, այդ փուլում առիթ ունեցանք կարծիք հայտնել, որ ինչքան էլ Արեւմուտքը երազում է Ուկրաինայի օրինակով Բելառուսը ՌԴ-ից պոկել, սակայն առանց Լուկաշենկոյի: Եվ ընտրություններից հետո ծավալվող իրադարձություններն էլ հենց այդ մասին են վկայում: Այսինքն, ինչքան էլ Լուկաշենկոն իրենց փորձեց ներկայացնել դեպի Արեւմուտք նայելու պատրաստ առաջնորդի կերպարով, որին, ըստ նրա, ռուսներն ուզում են տապալել, մեկ է՝ հետընտրական զարգացումները տիպիկ արեւմտյան, ավելի ստույգ՝ սորոսյան «գունավոր հեղափոխության» դասական սցենարի մեջ են: Իսկ ահա Մոսկվան հայտնվել է բավականին նուրբ վիճակում: Գնա՞լ բատկային բաց տեքստով աջակցելու ուղղությամբ: Բայց չէ՞ որ խոսքն այն Լուկաշենկոյի մասին է, ով բացահայտորեն տապալում է ՌԴ-Բելառուս միության կայացումը, ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով քանիցս թիկունքից հարվածողի կերպարով է հանդես եկել ու հիմա էլ սկսել է Արեւմուտքի գիրկը թռչելու հակումներ ի ցույց դնել, ընդ որում, ոչ թե միայն հայտարարություններով, այլ, օրինակ, ԱՄՆ-ից նավթի մեծ խմբաքանակ գնելու կոնկրետ քայլերով: Ընդ որում, այս իրավիճակում քաղաքական զառամյալ Լուկաշենկոյին աջակցելով, Մոսկվան նաեւ բելառուս ժողովրդին դեմ գնացողի կերպար կարող է ստանալ, որը, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի օրինակը, ամենավտանգավորն է: Ու մյուս կողմից, եթե հանկարծ բելառուսական «հեղափոխությունը» հաջողվի, սա արդեն Բելառուսը կորցնելու ամնակարճ ճանապարհն է Մոսկվայի համար՝ բոլոր ինտեգրացիոն ծրագրերով եւ նոր Միության տեսլականով հանդերձ: Այսպիսով, իրավիճակը Մոսկվայի համար կարծես ցուկցվանգային է, այնքան խորը, որ կարելի է նաեւ ենթադրել, որ բելառուսական այս մեծ խաղի իմաստը ՌԴ-ին հենց նման վիճակում դնելն է: Զավեշտի է նմանվում, բայց այն, որ Լեհաստանից առաջարկեցին ԵՄ-ին՝ բելառուսական այս իրավիճակի պատճառով պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, հենց նման ծրագրերի առկայության մասին է վկայում:
ԿԱԿՏԻՎԱՆԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
Սակայն գնալով ավելի գերիշխող է դառնում այն տպավորությունը, որ ինչքան էլ արեւմտյան սորոսները Բելառուսում Լուկաշենկոյի դեմ կռիվ են տալիս, սակայն հաղթողն այս պայքարում դառնալու է... Պուտինը: Սկսենք նրանից, որ բելառուսական «հեղափոխության» հաղթանակի շանսերն իրականում չնչին են: Այսպես, թեեւ արտաքին հարթակում աղմուկը շատ մեծ է, սակայն բուն բելառուսական չեզոք աղբյուրների գնահատմամբ, իրականում երկրի ներսում իրավիճակն այդքան էլ սուր չէ: Ամենակարեւորը, երկրի բնակչության մի մեծ մասը, անկախ ամեն ինչից,փաստացի քվեարկել է Լուկաշենկոյի օգտին եւ հիմա էլ նրա հետ է: Իսկ ահա «հեղափոխականների» շարքերը, անգամ դրսից գործուղված գրոհայիններվ հանդերձ, մնում են բավականին նոսր, նաեւ հաշվի առնելով, որ չհաջողվեց իրական ժողովրդական շարժում ստեղծել: Ընդ որում, շարքերը շարունակում են նոսրանալ, հաշվի առնելով, որ Լուկաշենկոն բավականին կոշտ է վարվում, որի պատճառով 2014թ.-ի ուկրաինական սցենարը կրկնել պարզապես անհնար է: Փաստն այն է, որ մի քանի հազար «հեղափոխական», այդ թվում՝ կազմակերպիչների եւ «գոստրոլյորների» զգալի մասը կալանավորված է, ինչն ակնհայտորեն նվազեցնում է «հեղափոխական ակտիվությունը»: Բացի այդ, Լուկաշենկոն կալանավորվածներին սպառնում է միանգամայն լուրջ պատժաժամկետներով՝ մինչեւ 15 տարի, որը, իհարկե, ազդում է նաեւ դեռ ազատության մեջ գտնվող ակտիվիստների տրամադրության վրա. հանուն սորոսական մի քանի հազար դոլարի արժե՞ ենթարկվել 15 տարի նստելու ռիսկին: Վերջապես, «հեղափոխությունը» չունի ընդգծված լիդեր. ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Սվետլաննա Տիխոնովսկայան պարզապես հրաժարվեց «ընդդիմության առաջնորդի» դերից, իսկ պատահական մեկին այդ դերի համար այսպես ընթացքից պատրաստելն անհնար է: Այսպիսով այն, որ Լուկաշենկոն կպահպանի դիրքերը, գործնականում կասկածի տեղիք չի տալիս, եւ դա գիտակցելով, Մոսկվան պարզապես հանգիստ սպասում է իրադարձությունների հետագա զարգացումներին՝ ընդամենը պաշտոնապես շնորհավորելով բատկային, բայց զերծ մնալով հետընտրական զարգացումների հետ կապված մեծ-մեծ հայտարարություններից: Սակայն բավականին հետաքրքիր է դառնում այն վիճակը, որում հայտնվելու է Լուկաշենկոն՝ բողոքի ակցիաները ճնշելուց հետո: Այսինքն, նա հիմա պարզ հասկացավ, որ Արեւմուտքին պետք չէ, անկախ հակառուսական ժեստերի: Ավելին, ներկա իրադարձություններից հետո գլոբալիստների համար դառնալու է ցուցադրական թշնամի. մինչեւ վերջ այրված են բոլոր կամուրջները: Այսինքն, եթե մինչ այս բատկան Մոսկվային սպառնում էր, թե՝ «Կթեքվեմ դեպի Արեւմուտք», հիմա պարզապես այդ խաղաթուղթը կորցրեց: Ու հիմա, բոլորն են հասկանում, որ միակ ճանապարհը նրա համար մնում է ՌԴ-ն եւ ռուսական ինտեգրացիոն համակարգը: Եվ պատահական չէ, որ այս թեժ օրերին շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ բատկան թռել է Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ: Ճիշտ է, պաշտոնապես դա հերքվեց, բայց այն, որ այս պահին Լուկաշենկոն այլ ելք չունի, քան Պուտինի հետ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելը, գործնականում այլընտրանք չունի: Հակառակ դեպքում բատկան պարզապես պետք է հանձնի իշխանությունը եւ բանտ գնա, քանի որ ուկրաինական Յանուկովիչի օրինակով նա հազիվ թե այսքանից հետո ՌԴ-ում ապահով կյանք ստանալու հնարավորություն ունենա, իսկ Արեւմուտքում նրան սպասում է «խաղաղ ցուցարարների վրա բանակ հանողի» ընդունելություն:
ԺԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ ԽԱՂԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼՆ ԷԼ ՉՈՒՆԻ
Այսպիսով, բելառուսական իրադարձությունների ամենահավանական հետեւանքը կարող է դառնալ այն, որ կտրուկ կակտիվանան Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետության ծրագրերը, որոնք, ի դեպ, դեռ անցած տարեվերջին էին մտել հստակ ժամանակացույցի ստորագրման փուլ, սակայն արգելակվեցին Լուկաշենկոյի հակազդեցության արդյունքում: Իսկ ահա Ռուսաստան-Բելառուսը, մի շարք հեղինակավոր գնահատականներով, կդառնան հիմք, որ հետխորհրդային տիրույթում որոշ բացառություններով եւս ինտեգրացիոն մեխանիզմները մտնեն գերակտիվացման փուլ: Ընդ որում, այս հարցով ռուսական վերջին հանրաքվեից հետո սպասելիքներն առանց այդ էլ մեծ էին: Բնականաբար, նման զարգացումների դեպքում մեզ համար նորից նույն հարցն է դառնում օրակարգային՝ իսկ ի՞նչ է անելու Հայաստանը: Այն, որ մեր տեղական սորոսականները վերջին ժամանակներս կաշվից դուրս են գալիս՝ Հայաստանն ամեն կերպ, գրեթե կյանքի բոլոր ուղղություններով դեպի մայրամուտ ապրող ուլտրալիբերալիզմ տեղաշարժելու համար, հայտնի պատմություն է: Բայց ահա այս ֆոնին Նիկոլի ռեակցիան միանգամայն տարօրինակ էր՝ նա հանկարծ որոշեց շնորհավորել Լուկաշենկոյին՝ դրանով լեգիտիմ ճանաչելով բելառուսական ընտրությունները, թեեւ բատկայի հասցեին Արեւմուտքից շնորհավորանքների փոխարեն միայն հայհոյանքներ եւ հեռանալու կոչեր են հնչում: Այսպիսով, այս շնորհավորանքից հետո Նիկոլն ի՞նչ է ասելու իր շրջապատի սորոսականներին, որոնց հոգեւոր հայրը փորձում է տապալել նույն Լուկաշենկոյին: Հնարավոր է սա՝ «Բանի տեղ չդնեք, մի սովորական շնորհավորանք էր, հո դրա պատճառով նորից Մոսկվայի աչքի գրողը չէի՞ դառնալու: Առանց այդ էլ հետս չունեն»: Բայց անգամ նման բացատրությունը խոշոր հաշվով բան չի տա, քանի որ Նիկոլն այլ հարցադրման առաջ է կանգնած: Նախ, սրվում են ռուսական ինտեգրացիոն ծրագրերը, եւ Նիկոլն արդեն իսկ պարտադրված է ասել՝ մասնակցո՞ւմ է, թե՝ ոչ: Ընդ որում, ՌԴ-ից, ավելին՝ ռուսահայության միջոցով եկող ազդակները հուշում են, որ այս դեպքում ինչ-որ «հերթապահ» պատասխանով հնարավոր չի լինելու խուսափել: Հիշեցնենք Մարգարիտա Սիմոնյանի միջոցով եկած ազդակները, որոնց էլ, այս անգամ արդեն կոնկրետ հուշումներով, հանդես եկավ Կրեմլին շատ մոտ կանգնած մեկ այլ գործիչ՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով մասնագետ Սեմյոն Բաղդասարովը: Նա իր վերջին ելույթներից մեկով նախ հուշեց Նիկոլին՝ «հրաժարվել իր շուրջ հավաքված սորոսիկներից», այդ թվում՝ Հայաստանում «Սորոսի տեղապահ» Լարիսա Մինասյանը՝ «առանց որի չի լուծվում կադրային որեւէ նշանակում Հայաստանում», Սփյուռքի հարցերով զբաղվող եւ Հայաստանը արաբներով լցնել պատրաստվող Սինանյանից, ում կենսագրությունից Բաղդասարովը մի շարք ուշագրավ տվյալներ հիշեցրեց եւ այլն: Իսկ եթե Նիկոլը մնում է այդ թիմի հետ, այդ դեպքում Բաղդասարովն այլ զարգացումների մասին ակնարկեց: Մասնավորապես, թե ինչին կուղղվի ռուսահայության ֆինանսավորումը, եւ ինչ տեղի կունենա այն ռուսահայ գործարարների հետ, ովքեր այս պահին ֆինանսավորում են Հայաստանում գործող սորոսական լրատվամիջոցներին: Ասել, թե Կրեմլին մոտ կանգնած ռուսահայ աղբյուրները պատահաբար հենց այս պահին սկսեցին խոսել Նիկոլի եւ նրա շրջապատի մասին, իհարկե, միամտություն կլիներ: Այն, որ այսկերպ Մոսկվան է Նիկոլից սպասում գործնական քայլերի, այդ թվում՝ ինչպես ռուսական խորացող ինտեգրացիոն համակարգի, այնպես էլ արցախյան հարցի հետ կապված, դա էլ է հասկանալի: Բելառուսական իրադարձություններն էլ եկան հուշելու, որ ամբողջական մեխանիզմն արդեն իսկ միացված է, եւ որ ժամանակի վրա խաղալու հնարավորություն Նիկոլն արդեն չունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ