Նիկոլի համար մոսկովյան վայրկյանաչափը միացված է
Արխիվ 16-20
Այն, որ բելառուսական «գունավեր հեղափոխության» փորձի արդյունքում այս պահին Լուկաշենկոն այլ ելք չունի, քան Պուտինի հետ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելը, գործնականում այլընտրանք չունի: Հակառակ դեպքում բատկան պարզապես պետք է հանձնի իշխանությունը եւ բանտ գնա, քանի որ ուկրաինական Յանուկովիչի օրինակով նա հազիվ թե այսքանից հետո ՌԴ-ում ապահով կյանք ստանալու հնարավորություն ունենա, իսկ Արեւմուտքում նրան սպասում է «խաղաղ ցուցարարների վրա բանակ հանողի» ընդունելություն:
Այսպիսով, բելառուսական իրադարձությունների ամենահավանական հետեւանքը կարող է դառնալ այն, որ կտրուկ կակտիվանան Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետության ծրագրերը, որոնք, ի դեպ, դեռ անցած տարեվերջին էին մտել հստակ ժամանակացույցի ստորագրման փուլ, սակայն արգելակվեցին Լուկաշենկոյի հակազդեցության արդյունքում: Իսկ ահա Ռուսաստան-Բելառուսը, մի շարք հեղինակավոր գնահատականներով, կդառնան հիմք, որ հետխորհրդային տիրույթում որոշ բացառություններով եւս ինտեգրացիոն մեխանիզմները մտնեն գերակտիվացման փուլ: Ընդ որում, այս հարցով ռուսական վերջին հանրաքվեից հետո սպասելիքներն առանց այդ էլ մեծ էին:
Բնականաբար, նման զարգացումների դեպքում մեզ համար նորից նույն հարցն է դառնում օրակարգային՝ իսկ ի՞նչ է անելու Հայաստանը:
Այն, որ մեր տեղական սորոսականները վերջին ժամանակներս կաշվից դուրս են գալիս՝ Հայաստանն ամեն կերպ, գրեթե կյանքի բոլոր ուղղություններով դեպի մայրամուտ ապրող ուլտրալիբերալիզմ տեղաշարժելու համար, հայտնի պատմություն է: Բայց ահա այս ֆոնին Նիկոլի ռեակցիան միանգամայն տարօրինակ էր՝ նա հանկարծ որոշեց շնորհավորել Լուկաշենկոյին՝ դրանով լեգիտիմ ճանաչելով բելառուսական ընտրությունները, թեեւ բատկայի հասցեին Արեւմուտքից շնորհավորանքների փոխարեն միայն հայհոյանքներ եւ հեռանալու կոչեր են հնչում: Այս շնորհավորանքից հետո Նիկոլն ի՞նչ է ասելու իր շրջապատի սորոսականներին, որոնց հոգեւոր հայրը փորձում է տապալել նույն Լուկաշենկոյին: Հնարավոր է սա՝ «Բանի տեղ չդնեք, մի սովորական շնորհավորանք էր, հո դրա պատճառով նորից Մոսկվայի աչքի գրողը չէի՞ դառնալու: Առանց այդ էլ հետս չունեն»: Բայց անգամ նման բացատրությունը խոշոր հաշվով բան չի տա, քանի որ Նիկոլն այլ հարցադրման առաջ է կանգնած: Նախ, սրվում են ռուսական ինտեգրացիոն ծրագրերը, եւ Նիկոլն արդեն իսկ պարտադրված է ասել՝ մասնակցո՞ւմ է, թե՝ ոչ: Ընդ որում, ՌԴ-ից, ավելին՝ ռուսահայության միջոցով եկող ազդակները (որոնց, ի դեպ, Նիկոլն ամեն կերպ խուսափում է անդրադառնալ, քաջ գիտակցելով, թե իրականում այդ ազդակները որտեղից են գալիս) հուշում են, որ այս դեպքում ինչ-որ «հերթապահ» պատասխանով հնարավոր չի լինելու խուսափել: Հիշեցնենք Մարգարիտա Սիմոնյանի միջոցով եկած ազդակները, որոնց էլ հաջորդեց, ավելին՝ արդեն կոնկրետ հուշումներով հանդես եկավ Կրեմլին շատ մոտ կանգնած մեկ այլ գործիչ՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով մասնագետ Սեմյոն Բաղդասարովը (տեսանյութում): Նա իր վերջին ելույթներից մեկով նախ հուշեց Նիկոլին՝ «հրաժարվել իր շուրջ հավաքված սորոսիկներից», այդ թվում՝ Հայաստանում «Սորոսի տեղապահ» Լարիսա Մինասյանից՝«առանց որի չի լուծվում կադրային որեւէ նշանակում Հայաստանում», Սփյուռքի հարցերով զբաղվող եւ Հայաստանը արաբներով լցնել պատրաստվող Սինանյանից, ում կենսագրությունից Բաղդասարովը մի շարք ուշագրավ տվյալներ հիշեցրեց եւ այլն: Իսկ եթե Նիկոլը մնում է այդ թիմի հետ, այդ դեպքում Բաղդասարովն այլ զարգացումների մասին ակնարկեց: Մասնավորապես, թե ինչին կուղղվի ռուսահայության ֆինանսավորումը, եւ ինչ տեղի կունենա այն ռուսահայ գործարարների հետ, ովքեր այս պահին ֆինանսավորում են Հայաստանում գործող սորոսական լրատվամիջոցներին:
Ասել, թե Կրեմլին մոտ կանգնած ռուսահայ աղբյուրները պատահաբար հենց այս պահին սկսեցին խոսել Նիկոլի եւ նրա շրջապատի մասին, իհարկե, միամտություն կլիներ: Այն, որ այսկերպ Մոսկվան է Նիկոլից սպասում գործնական քայլերի, այդ թվում՝ ինչպես ռուսական խորացող ինտեգրացիոն համակարգի, այնպես էլ արցախյան հարցի հետ կապված, դա էլ է հասկանալի: Բելառուսական իրադարձություններն էլ եկան հուշելու, որ ամբողջական մեխանիզմն արդեն իսկ միացված է, եւ որ ժամանակի վրա խաղալու հնարավորություն Նիկոլն արդեն չունի:
Ամբողջական տարբերակը կարդացեք «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱ