«Իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ» Տիգրան Հակոբյանը դուրս եկավ ՀՖՖ գործկոմից
Արխիվ 16-20
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որով հայտնել է ֆուտբոլային գերատեսչությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։
«Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն,
Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ, և ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»,- գրել է Տիգրան Հակոբյանը:
Նշենք, որ 2009 թվականի փետրվարի 11-ին Տիգրան Հակոբյանը հիմնադրել է «ԷՐԵԲՈՒՆԻ-ԴԻԼԻՋԱՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպությունը, որը գործում է մինչ օրս՝ Տիգրան Հակոբյանի նախագահությամբ: Կազմակերպությունը հիմնադրման օրվանից մինչ օրս օժանդակել և օժանդակում է հայկական ֆուտբոլի զարգացմանը, մարզական կադրերի պատրաստմանը, նպաստելով ազգաբնակչության կենցաղում առողջ ապրելակերպի, ակտիվ հանգստի կազմակերպմանը և մասսայական սպորտի զարգացմանը:
Հակոբյանը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ և մրցավարական կոմիտեի նախագահ էր հանդիսանում 2019 թվականի դեկտեմբերի 2-ից։