«Հենց պատվաստանյութը թողարկվի»․ ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ մտադիր է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել
Արխիվ 16-20
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ ծրագրում է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հենց պատվաստանյութը թողարկվի․․․օգոստոսին»,- հայտարարել է Մուրաշկոն լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա անձամբ պատվաստվելու է, թե ոչ։
Նախարարը նշել է նաև, որ երկու շաբաթվա ընթացքում կթողարկվեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին փաթեթները, որից հետո մարդիկ կստանան առաջին չափաբաժինները։
Ինչպես հայտնի էր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։
«Սպուտնիկ 1»-ն ամբողջ աշխարհում ակտիվացրել է տիեզերական հետազոտություները։ Կորոնավիրուսի դեմ նոր ռուսական պատվաստանյութը միջազգային հանրության համար նման նշանակություն ունի, ուստի՝ այս համեմատության արդյունքում էլ այն «Սպուտնիկ 5» անվանումն է ստացել»,- ասվում է անվան ընտրության բացատրության մեջ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 525 986 է, մահացել է 745 971 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: