Ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում. Փաշինյան
Արխիվ 16-20
Առաջնաբեմում ինչ-որ կանոններ պահելով՝ ետնաբեմում իրավիճակը չի կառավարվում։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ առանց քաղաքացիների ներգրավվածության, շահագրգռվածության և առանց պատասխանատվության կիսման հնարավոր չէ այս խնդիրը լուծել. «Ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում այս խնդիրները կարգավորելու համար։ Եկանք այն եզրակացության, որ կառավարությունն իր պատասխանատվության հատվածը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային որոշակիորեն պահել առանց քաղաքացիների մասնակցության։ Մենք որոշեցինք, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացնենք իրավիճակը և մյուս կողմից կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է, որ որևէ քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց՝ կորոնավիրուսի ծագման առաջին փուլում աշխարհում ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ հիվանդների այնքան մեծ հոսք կար, որ հիվանդանոցները նրանց չէին կարողանում ընդունել։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այս հատվածում կառավարությունը և Առողջապահության նախարարությունը գործնականում գրեթե արել են անհնարինը. «Այդ ժամանակահատվածում այդ աստիճանի մեծ առողջապահական հզորություններ ծավալելը շատ բարդ խնդիր էր»,-ասաց վարչապետը։