Լիբանան ուղարկվող ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն իր մեջ պարունակում է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք
Արխիվ 16-20
Հայաստանի Հանրապետությունից Լիբանանի կառավարությանն ուղղված հումանիտար օգնության պարագաներ պարունակող երրորդ օդանավը մեկնեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանան ուղարկվող ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն իր մեջ պարունակում է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք:
Լիբանան ուղարկվող օգնության պարագաներն ընտրվել են, ըստ ընդունող կողմի ներկայացրած կարիքների:
Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։