«Արմմոնո»-ն եզրափակվեց մաթեւոսյանական «Գոմեշով»
Արխիվ 16-20
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կայացավ օգոստոսի 1-10-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:Բոլոր ներկայացումներն անց են կացվել բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Փառատոնի գրեթե բոլոր ներկայացումները ցուցադրվել են նաեւ առցանց։ Այս տարի փառատոնը նվիրված էր հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակին:
Փառատոնի բացման եւ եզրափակիչ ներկայացումը վստահված էր ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանին: Ն. Գրիգորյանը ներկայացրել է «Գոմեշը» մոնոներկայացումը՝ ըստ Հ. Մաթեւոսյանի: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է 21 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ:
Փառատոնին մասնակցում էին դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Զարուհի Խաչատրյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը, Արամ Հայրապետյանը եւ այլք: Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի, ցավոք սրտի, արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալել, հասկանալի պատճառներով:
Փառատոնի առցանց տիրույթը եղել է գերհագեցած. Ցուցադրվել են օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից եւ այլն: Փառատոնի մասնակիցներին, այս անգամ, առցանց ողջունել են մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք:
Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները ցուցադրվել են «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի եւ Զուլում ու Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաեւ Թիվ 15 սրճարանում: Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը ներկայացրել է օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց...» պիեսը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը հյուրընկալվել է նաեւ Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում ցուցադրվել է երկու մոնոներկայացում՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում ցուցադրվել են նաեւ դեբյուտային ներկայացումներ:
Փառատոնի մամուլի ծառայություն